Հայաստանի գլխավոր տոնածառի լուսավորման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին։ Այդ մասին ասվում է Զբոսաշրջության կոմիտեի հաղորդագրության մեջ։
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը Կատարի և Օմանի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ հրավիրել է այդ երկրների ներկայացուցիչներին մասնակցելու Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությանը։
Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի տոնական միջոցառումների կազմակերպման և ձևավորման աշխատանքները։ Ամանորյա ձևավորումների բյուջեն նույնն է, ինչ նախորդ տարի՝ 600 մլն դրամ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (մոտ 130 հազար դոլար)։
Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները սկսվել են հոկտեմբերի 30-ից՝ Հանրապետության հրապարակում։ Համեմատած նախորդ տարիների հետ՝ այս անգամ մեկնարկը ավելի վաղ է. 2024 թվականին գործը սկսել են նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։






