Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, օգոստոսի 8-ին հրապարակել է 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը, որի համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վարորդներից Արամ Նավասարդյանը ճանաչվել է մեղավոր և դատապարտվել է 1 տարի 6 ամիս ազատազրկման՝ զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից նույն ժամկետով։
Այդուհանդերձ, այս պահի դրությամբ Նավասարդյանը շարունակում է գտնվել ազատության մեջ ու վարել ավտոմեքենա, հայտնում է Panorama.am-ը։
Տուժողի իրավահաջորդ Րաֆֆի Ասլանյանն ասել է, որ Արամ Նավասարդյանը, չնայած դատարանի որոշմանը, չի տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ, քանի որ դատավճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, և դատավորը դրա մեջ խափանման միջոց փոփոխություն չի կատարել՝ մինչև այն ուժի մեջ մտնելը։
«Եթե փոփոխվեր ու կալանքը որպես խափանման միջոց ընտրվեր, այդ ժամանակ անմիջապես՝ դատական նիստերի դահլիճից, արգելանքի կվերցվեր, հակառակ պարագայում դատավճիռը բողոքարկման ընթացակարգ պետք է անցնի, դրանից հետո մտնի օրինական ուժի մեջ ու նոր տանեն պատիժ կրելու»,- ասել է Ասլանյանը։
Նա մանրամասնել է, որ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտնում այն ժամանակ, երբ հանձնվում է կողմերին, կողմերը չեն բողոքարկում կամ անցնում է բողոքարկման ամբողջ ընթացակարգը։
Նրա խոսքով՝ այս պահին հիմնական խնդիրը այն է, որ անցել է արդեն երեք ամիս, սակայն դատարանը դեռ չի ուղարկել դատական ակտը գործով կողմերին։ Նա հավելել է, որ դատարանները հաճախ խախտում են օրենքով սահմանված ժամկետները՝ ծանրաբեռնվածության պատճառով։
Լրագրողի հարցին՝ արդյոք կարող է սա դիտարկվել որպես դիտավորությամբ ձգձգում՝ հաշվի առնելով, որ գործով վաղեմության ժամկետը լրանում է 2027-ի ապրիլին, Րաֆֆի Ասլանյանը պատասխանել է, որ առաջին օրվանից էլ ձգձգվում է։
«Առաջին իսկ օրվանից էլ ձգձգվում է։ 4 տարի է անցել։ Եթե զուգահեռներ անցկացնենք, օրինակ, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործի հետ, դատավճիռը կայացրեցին, միանգամից այդ դատավճռով որպես խափանման միջոց կալանք ընտրեցին, իսկ Սոնա Մնացականյանի մահվան գործով թողեցին բացակայելու արգելքն անփոփոխ, նույնիսկ պաշտոնվարումը չի կասցվել, մինչև օրս Արամ Նավասարդյանն ուղեցում է Նիկոլ Փաշինյանին։
Այսինքն, քաղաքական շահերի երկու ասպեկտ ենք տեսնում՝ մի դեպքում, երբ իշխանությանը պետք է մարդուն կալանավորել, հրահանգում է կալանավորել, մյուս դեպքում հրահանգում է թողնել ազատության մեջ։
Պրակտիկայում դատական ակտեր են լինում, որ 7-8 ամիս հետո նոր տալիս են կողմերին։ Քաղաքական հարց կա. կան գործեր, ինչպես նշեցի, Դավիթ Համբարձումյանի, նաև Միքայել սրբազանի, հրահանգում են արագ տալ դատական ակտերը, բայց այս դեպքում հակառակը՝ արագ տալու կամք չկա։ Եթե դատավորին ասեն՝ արագ տալ, ամբողջ ծանրաբեռնվածությունը կթողնի, դատական ակտը կգրի, կտա, բայց այս դեպքում դատավորին չեն անհանգստացրել»,–ասել է նա։
Րաֆֆի Ասլանյանը չի բացառել, որ գործով վաղեմության ժամկետը կլրանա առանց պատժի կիրարկման, և Արամ Նավասարդյանը կխուսափի պատասխանատվությունից։
Փաստաբանի համոզմամբ՝ վարորդին ազատության մեջ թողնելը եղել է նախապես մշակված սցենար, որի նպատակն է եղել ձգձգել գործընթացը՝ մինչև վաղեմության ժամկետը լրանալը։
«Իսկ ավտոշարասյան ղեկավար կազմի գործով, որն արդեն 4-րդ տարի քննվում է, երկու անգամ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել, դատարանները երկու անգամ խախտում են արձանագրել, վերացրել են։ Այս գործն էլ է շրջապտույտի մեջ, 2027-ին այս գործի վաղեմության ժամկետն էլ կլրանա»,- ասel 1 Ասլանյանը։
Դատարանն Արամ Նավասարդյանին մեղավոր է ճանաչել 2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որի հետևանքով անզգուշությամբ մահ է տեղի ունեցել, ինչպես նաև 244-րդ հոդվածի 1-ին մասով՝ վթարի վայրն անօրինական թողնելու համար։
2022 թվականի ապրիլի 26-ին, ժամը 18:05-ի սահմաններում, Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուղեկցող վաշտի հրամանատար Արամ Նավասարդյանը իր վարած «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզից եղած 28-ամյա կնոջ, ով տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։ Այդ օրը ավտոշարասյունը ուղեկցել է Նիկոլ Փաշինյանին, իսկ մահացած կինը եղել է հղի։






