Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում պարզաբանել է, թե ինչու են պաշտպանության համար նախատեսված 2026-ի ծախսերն ավելի քիչ, քան 2025-ին էր
Նա նշել է, որ պաշտպանական ծախսերը՝ սկսած 2023 թվականից, էապես աճել են, այսինքն՝ 2023, 2024, 2025 և արդեն նախատեսվող 2026 թվականներին իրականացվել են և իրականացվելու են աննախադեպ ծախսեր, հայտնում է 1lurer.am-ը։
Ըստ Պապիկյանի՝ աննախադեպ ծախսերը վերաբերում են և՛ բանակի կարիքներին, և՛ զինծառայողների սոցիալական վիճակին, և՛ բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, ինժեներական աշխատանքներին, այսինքն՝ այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, ըստ նախարարի՝ հնարավոր է եղել Կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին:
«Այն, որ 2025-ի և 2026-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում հստակ բալանս կա, որովհետև երբ համեմատենք 2024 թվականի պաշտոնական ծախսերի համար հատկացված բյուջեն և 2026 թվականին նախատեսվողը, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 2023, 2024 և 2026-ի միջև:
Իրական դիսբալանսը տեղի է ունեցել 2025-ին՝ հօգուտ պաշտպանության նախարարության, որովհետև ելնելով տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից՝ մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 2025 թվականին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել առաջին հայացքից խզվածքը, որն իրականում որևէ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է ադեկվատ կառավարությունը»,- պարզաբանել է նախարարը:
2026 թվականին պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը 2025-ի համեմատ կկրճատվի 39․8 մլրդ դրամով կամ 5․9%-ով։






