AM
13 Նոյեմբեր 2025 - 06:33 AMT

Սամսոնյանն ու Սաղաթելյանը ձերբակալվել են՝ փոդքասթում Սիմոնյանին անդրադառնալու պատճառով

«Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են։ Այդ մասին հայտնել են նրանց փաստաբանները՝ Ռուբեն Մելիքյանն ու Արսեն Բաբայանը։

Պատճառը փոդքասթի նոյեմբերի 10-ի թողարկումն է, որտեղ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանն անդրադարձել են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտնում է «Ազատությունը»։

Վաղ առավոտյան հայտնի դարձավ, որ դիմակավորված անձինք ներս են մտել «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակների տուն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Նա փորձել է մտնել Սամսոնյանի բնակարան և մասնակցել քննչական գործողություններին, սակայն դուռը նրա առջև այդպես էլ չեն բացել:

Սաղաթելյանը ևս այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հենց էս պահին դիմակավորված անձինք մտնում են մեր տուն»,–գրել էր նա։

Ռուբեն Մելիքյանը ուղիղ եթերում ասել է, որ այս գործողությունները չեն կարող չկապվել օրեր առաջ տեղի ունեցած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի հետ։

Քննչական կոմիտեից ասել են, որ Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, հայտնում է Արմենպրեսը։

Փաստաբան Մելիքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ նոյեմբերի 7-ին եթերում Սերժ Սարգսյանի հետ ունեցած հարցազրույցից հետո՝ նոյեմբերի 9-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդման հեղինակներին անվանել է «շան տղերք»։

«Նոյեմբերի 10-ի իրենց եթերում Վազգենն անդրադարձել է այդ խոսքերին ու կոշտ ձևով, Նարեկն արձագանքել է, բայց չի հայհոյում։ Որտե՞ղ է այստեղ խուլիգանությունը։ Մարդկանց անվանում են «շան տղերք», ու դա խուլիգանություն չէ, իսկ դրան պատասխանելը խուլիգանությո՞ւն է»,- ասել է նա։

Փաստաբանի փոխանցմամբ՝ խուզարկություն է իրականացվում նաև Antifake-ի գրասենյակում։