ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ձեռք բերված համաձայնությունը հանգեցրել է նրան, որ սահմանազատման գործընթացը շարունակելու երկկողմ խթան կա, հայտնում է Արմենպրեսը։
Նա հավելել է, որ հնարավոր է՝ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որ TRIPP-ի զարգացմանը նպաստենք :
«Օգոստոսի 8-ի իրադարձությունը միանգամից հանգեցրեց նրան, որ երկկողմ ստիմուլ կա՝ սահմանազատման գործընթացը շարունակելու: Եվ դա, ըստ էության, քննարկվում է: Բացի այդ՝ ավելի կոնկրետացան խոսակցություններն այն մասին, թե ենթակառուցվածքներն ինչ դիրք կունենան, և դիրքերից կախված՝ որ հատվածները մենք պետք է սահմանազատենք, որ նույնիսկ նախագծային աշխատանքները սկսելու համար աշխատանքի բազա ունենանք: Երկուսն էլ սահմանազատում է: Բայց հնարավոր է, որ արտահերթ սահմանազատվելիք հատվածներ ունենանք, որ TRIPP-ի ենթակառուցվածքային զարգացմանը նպաստենք»,-ասել է նա։
Փոխվարչապետը հավելել է, որ անկախ զարգացումներից, երկու երկրների սահմանազատման հանձնաժողովները շարունակելու են աշխատանքը։
Նա նաև տեղեկացրել է, որ կոնտակտներ կան Ադրբեջանի փոխվարչապետի հետ, և հիշեցրել է սեպտեմբերին կայացած փոխայցելությունները, որոնք վերաբերել են TRIPP-ի ծրագրի շրջանակում հնարավոր սահմանազատմանը։
Գրիգորյանի խոսքով՝ բացի այդ կան առանձին աշխատանքային շփումներ, որոնք ուղղված են սահմանազատման գործընթացի առաջմղմանը, և դրանց բնույթը, ըստ նրա, կառուցողական է։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






