AM
13 Նոյեմբեր 2025 - 06:45 AMT

Բեգլարյանի գործով նախնական դատական լսումներն ավարտվել են

Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց՝ Գագիկ Գյանջումյանի ու Գագիկ Բաղդասարյանի գործով նախնական լսումները Հակակոռուպցիոն դատարանում ավարտվել են, գործը մտել է հիմնական դատաքննության փուլ։

Մեղադրանքի կողմը սկսել է ներկայացնել գործով ապացույցները, որից հետո արդեն իր ապացույցները կներկայացնի պաշտպանվող կողմը կամ համապատասխան միջնորդություններ կներկայացնի, հայտնում է Aravot.am-ը։

Գագիկ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը հայտնել է, որ մեղադրանքի առանցքում պաշտոնեական դիրքի չարաշահումն է, որը, ըստ մեղադրանքի, հանգեցրել է ծանր հետևանքների, ինչպես նաև հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի օտարումը։ Նրա խոսքով՝ Գագիկ Բեգլարյանը չի ընդունում իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները և լիահույս է, որ գործի ավարտին կարդարացվի։

Դատական նիստը հետաձգվել է՝ հաշվի առնելով պաշտպանական կողմի զբաղվածությունն այլ գործերով։