AM
13 Նոյեմբեր 2025 - 07:15 AMT

Միրզոյան. Քաղհասարակությունն էական ներուժ ունի խաղաղության ամրապնդման հարցում

Աշխատանքային այցով Դանիայում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Դանիայի Կուսակցությունների և ժողովրդավարության ինստիտուտում (DIPD) քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ քաղաքացիական հասարակությունն էական ներուժ ունի Խաղաղության ամրապնդման հարցում

Նա ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունները, ժողովրդավարական բարեփոխումներն ու խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը։ Նա անդրադարձել է նաև Հայաստան–ԵՄ գործընկերության խորացմանը և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության դերին։

«Հայաստանը ժողովրդավարություն է, երիտասարդ, բայց ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքների պաշտպանության հետևողական առաջմղման հարցում ամուր հանձնառությամբ ժողովրդավարություն, և մենք մեծապես շահագրգռված ենք համախոհ գործընկերությունների զարգացման հարցում»,- ընդգծել է նախարար Միրզոյանը:

Նա հավելել է, որ խաղաղության ամրապնդման հարցում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունն էական նշանակություն ունի։ Խոսելով տարածաշրջանային զարգացումներից՝ Միրզոյանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ստորագրված եռակողմ հռչակագրով արձանագրված պայմանավորվածությունները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, կարևոր քայլ են Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում կայունության ու փոխկապակցվածության ուղղությամբ։

Նախարարը նաև ներկայացրել է հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ առանձնացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և նրա բաղադրիչ «Թրամփի ուղի» ծրագիրը՝ որպես գործնական կիրառման օրինակ։ Բացի դրանից, անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Հանդիպման շրջանակում քննարկվել է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման ընթացքը և փոխգործակցության ամրապնդման հեռանկարները՝ ներառյալ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի համատեղ փորձի ու մեխանիզմների օգտագործումը։ Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Դանիա համագործակցության ընդլայնման վերաբերյալ՝ տարբեր մակարդակներում։

Կուսակցությունների և ժողովրդավարության դանիական ինստիտուտը ստեղծվել է 2010 թվականին՝ Դանիայի խորհրդարանի նախաձեռնությամբ՝ նպաստելու զարգացող երկրներում ժողովրդավարական կառավարման ամրապնդմանը՝ աջակցելով կուսակցություններին և բազմակուսակցական համակարգերին։