Հասարակական գործիչ Արթուր Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն հասած տեղեկություններով՝ իշխանությունը պատրաստվում է իրեն «կալանավորել կամ հարուցել ծանր, շինծու քրեական գործ»։
«23 օր առաջ, Տիգրան Ավինյանի մտերիմների կողմից իրականացված կոռուպցիայի վերաբերյալ իմ արված բացահայտումից հետո, ինձ հասած տեղեկությունների համաձայն՝ իշխանությունը պատրաստվում է ինձ կալանավորել կամ իմ դեմ հարուցել ծանր, շինծու քրեական գործ, որպեսզի ես լռեմ։
Այդ հրահանգը պայմանավորված է գալիք 2026թ. ընտրություններով, քանի որ իմ փաստաթղթերով հիմնավորված և անհերքելի կոռուպցիոն բացահայտումները լուրջ հարված են հասցնում ՔՊ-ի վարկանիշին՝ ինչպես դա եղավ 2023թ․ քաղաքապետի ընտրությունների ժամանակ, երբ Տիգրան Ավինյանի վարկանիշը կտրուկ անկում ապրեց։
Հիմա ասեմ, թե ինչում է կայանում իսկական ընդդիմադիրի և ՔՊ-ականի միջև առկա «արդարադատությունը». եթե օրը ցերեկով ՔՊ-ականի վրա հինգ հոգով հարձակվեն ու հեռախոսը գողանան, մի րոպե հետո բոլոր հարձակվողները կձերբակալվեն և երկու ամսվա կալանք կստանան։
Բայց եթե նույնը տեղի ունենա ընդդիմադիրի հետ՝ ինչպես իմ դեպքում, որը տեղի ունեցավ 23 օր առաջ, իրավապահ համակարգը ձևացնում է, թե ոչինչ չի պատահել։ Գործը փորձում են ծածկադմփոց անել՝ կարծես ոչ ոք ինձ վրա չի հարձակվել, և ոչ էլ հեռախոս է գողացվել։ Պատճառը պարզ է՝ հարձակվողները Տիգրան Ավինյանի մտերիմներն են։
Այսինքն՝ ընդդիմադիրին իշխանությանը քննադատելու համար կարող են երկու ամսով կալանավորել, բայց երբ իշխանամետների շրջապատից հինգ հոգով հարձակվում են ու գողություն են անում՝ իրավապահ համակարգը լռում է։
Սա է այսօրվա «արդարադատությունը» Հայաստանում՝ երբ ինձ՝ կոռուպցիա բացահայտողիս, փորձում են լռեցնել պետական ապարատի ճնշումների ներքո՝ «сфабрикованный» շինծու մեղադրանքներով, միայն թե ՔՊ-ի վարկանիշը անկում չապրի»,–գրել է նա։
Ավելի վաղ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքից հետո հիվանդանոց տեղափոխված ակտիվիստ Արթուր Չախոյանին մեղադրանք էր առաջադրվել խուլիգանության հոդվածով։
Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավարի աշխատակազմում նախատեսված է եղել հանրային քննարկում, և Արթուր Չախոյանը կրկին այցելել է թաղապետարան՝ պահանջելու բացատրություն իր հանդեպ հնչեցված հայհոյանքների համար։ Ընդունարանում նրան ծեծի էին ենթարկել թաղապետարանի աշխատակիցները, որին միացել էր նաև վարչական շրջանի ղեկավարը։






