AM
13 Նոյեմբեր 2025 - 07:43 AMT

ԶԼՄ․ Աբովյանում սպանության գործով կալանքի 2 միջնորդություն կա, բայց կասկածյալները ձերբակալված չեն

Աբովյան քաղաքի կենտրոնում տեղի ունեցած դանակահարության փաստի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության հատկանիշներով։ Այս մասին տեղեկացրել են Քննչական կոմիտեից, հայտնում է Factor.am-ը։

Իրավապահ մարմինն ընդգծել է, որ դատարանին ներկայացվել է միջնորդություն՝ նրանց կալանավորելու վերաբերյալ։

«Այնուամենայնիվ, նշված անձինք չեն ձերբակալվել։ Արդյոք նրանք լքել են Հայաստանի տարածքը, ՆԳՆ-ից պատասխան ստանալ չի հաջողվել»,–ասվում է հրապարակման մեջ։

Նոյեմբերի 11–ին Աբովյան քաղաքի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել դանակահարություն, որի հետևանքով տուժել է երկու քաղաքացի։ Նրանցից մեկը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է։

Քրեական վարույթն ընթանում է սպանության, միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ։