Նաթան սրբազանին վերագրվող հեռախոսային խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթով նոյեմբերի 13–ին ՔԿ-ում հարցաքննության են հրավիրվել ևս մի քանի հոգևորականներ։
Տեղում նաև Արագածոտնի թեմից մի քանի հոգևորականներ են, որոնք եկել են իրենց աջակցությունը հայտնելու հոգևոր եղբայրներին, հայտնում է «Փաստինֆոն»։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արագածոտնի թեմից և Մայր Աթոռից ութ հոգևորական հրավիրվել են ՔԿ՝ հարցաքննության։
Հարցաքննության հրավիրվել են Արագածոտնի թեմի քահանաները, ինչպես նաև՝ Մայր Աթոռի միաբան Հայր Ռուբենը, շրջանառվում է նաև Մուշեղ Սրբազանի անունը։ Ընդ որում, ինչպես հայտնի է դարձել, նրանք, թեև հարցաքննության են հրավիրվել ձայնագրության գործով, բայց հարցադրումները եղել են այլ բնույթի՝ իբրև խտրական մոտեցմամբ հոգևորականներին կարգալույծ հռչակելու վերաբերյալ։
Ավելի վաղ Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրել էր, որ խտրականության թեսթը չի կարող կիրառվել Եկեղեցում։
«Չի կարող կինը՝ հենց սեռով պայմանավորված դառնալ քահանա կամ եպիսկոպոս, չի կարող չմկրտված մարդը ստանալ Սուրբ Հաղորդություն: Հիմա ի՞նչ, սա խտրական վերաբերմու՞նք է համարվելու»,–գրել էր նա։






