AM
13 Նոյեմբեր 2025 - 09:07 AMT

Սիմոնյանը Սաղաթելյանից մոտ $6500 է պահանջել․ Ասում է՝ լավ է արել՝ դիմել է իրավապահներին, «բա ինչ աներ»

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Իմնեմնիմի» հաղորդաշարի հաղորդավար Վազգեն Սաղաթելյանին դատի է տվել և պահանջել 6500 դոլար փոխհատուցում վճարել` ըստ Datalex դատական տեղեկատվական համակարգի։

Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել ֆեյսբուքյան էջում իրեն վիրավորելու համար, հայտնում է Sputnik Արմենիան։

Ավելի վաղ հայտի դարձավ, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։

«Վազգեն Արմենի Սաղաթելյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2,000,000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բռնագանձել ընդհանուր 530,000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480,000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50,000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»,– նշված է գործի պահանջում։

«Անտիֆեյքի» խմբագրությունում ընթանում է համապարփակ խուզարկություն։ Այդ մասին ասել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, հայտնում է Panorama.am-ը։

«Մաքուր քաղաքական մեղադրանք է խոսքի հնչեցման մասով ի պատասխան իրենց։ Ի՞նչ եք ուզում, վախեցնել եք ուզո՞ւմ։ Էս երկիրը չի կարող այսպես առաջ գնալ, այս մարդիկ թույն են արտադրում։ Սա ոչ թե քաղաքական հետապնդում է, այլ level up քաղաքական հետապնդում»,-ասել է Մելիքյանը։

Նա նշել է, որ նախորդ զարգացումների ֆոնին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո, Ալեն Սիմոնյանը վիրավորական արտահայտություններ է հնչեցրել փոդքասթի հեղինակների հասցեին՝ անվանելով նրանց «շան լակոտ», «լածիրակ»։ Ի պատասխան՝ տղաներն արձագանքել են Սիմոնյանին։

«Հայհոյանքն իրենց բերածն է, իհարկե, լավ մշակույթ չէ, բայց եթե մարդուն ասում ես շան լակոտ…»,-ասել է նա։

Խմբագրությունում իրականացվող գործողություններին անդրադարձել է նաև փաստաբան Վարազդատ Հարությունյանը:

«Այսօր ոչ միայն Նարեկին ու Վազգենին ձերբակալել են, այլ նաև փաստացի փակում են սուպերպոպուլյար դարձած ընդդիմադիր լրատվական հարթակ AntiFake.am-ը` առգրավելով ամբողջ տեխնիկան, որը տղաները ձեռք են բերել այս տարիների ընթացքում իրենց համակիրների հանգանակություններով: Բոլոր հարցումները «գուժում» են Հայաստանին ու հայ ժողովրդին արված ձեր առաջարկների նկատմամաբ ժողովրդի հավատի ու վստահության բացակայության մասին: Այս ֆոնին դուք ձեր ընդդիմախոսներին բովանդակային ոչինչ չունեք այլևս հակադրելու, դրա համար էլ մարդկանց հետապնդում եք խոսքի ու կարծիքի համար»,-գրել է նա։

ԱԺ միջանցքում խոսնակ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով «իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելայնի և Նարեկ Սամսոնյանի դեմ հաղորդում ներկայացնելու դրդապատճառների վերաբերյալ հարցին, ասել է, թե օրենքով բոլորը պատժվելու են, ովքեր խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն, և, որ ոչ մի զարմանալու բան չկա, հայտնում է Panorama.am-ը։

Հիշեցնելով լրագրողներին, որ նրանք վրդովվում են, թե այդ ինչ դեպքեր են լինում, հանցագործությունների շարքը մեծանում է՝ Սիմոնյանը պնդել է, որ այն նման վարքն արդարացնելու կոչերի հետևանք է։

«Բոլոր այն մարդկանց, ովքեր ենթարկվում են նման բաների, կոչ եմ անում դիմեն իրավապահ մարմիններին, ես էլ չէի կարող չդիմել և դիմել եմ լավ եմ արել, բա ինչ պետք է անեի»,- ասաց Սիմոնյանը

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը Տելեգրամի իր ալիքում նշել էր. «Այդ բոլոր բառերի համար իրենք դատական կարգով պատասխան կտան ու հրապարակավ ներողություն կխնդրեն»։

Նոյեմբերի 13–ի վաղ առավոտյան դիմակավորված ուժայինները ներխուժել են Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ՝ նրանց ձերբակալելով։ Այդ գործողություններին զուգահեռ խուզարկություններ են իրականացվել նաև «Antifake»-ի գրասենյակում, որտեղից առգրավվել է ամբողջ տեխնիկական սարքավորումը։