AM
13 Նոյեմբեր 2025 - 09:54 AMT

Փաստաբան․ Սամսոնյանին և Սաղաթելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել

«Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։

Նա հայտնել է, որ մեղադրանքը նույնն է, ինչով նրանց նախկինում արդեն փորձել էին հետապնդել, հայտնում է Sputnik Արմենիան։

«Նույն մեղադրանքն է՝ խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ, ինչով որ արդեն արդարացվել էին։ Դատախազն էլ էլի նույնն է՝ պարոն Ավետյանը, որը եկավ, դատարանում մեղադրանքը պաշտպանեց, պարտվեց, հիմա նորից մեղադրանք է հարուցել»,- ասել է Բաբայանը։

Բաբայանն ասել է նաև, որ Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունները միտված են ոչ թե իրավական գործընթացի ապահովմանը, այլ՝ ընդդիմադիր լրատվամիջոցի լռեցմանը, հայտնում է Panorama.am-ը։

Այն հարցին, թե ունի՞ դեպքը քաղաքական ենթատեքստ, Բաբայանը դրական է պատասխանել։

«Միանշանակ։ Իմ տեղեկություններով, առգրավվել են «Անտիֆեյքի» ամբողջ տեխնիկական միջոցները։ Ակնհայտ է, որ սա լրատվամիջոցը փակելուն, լռեցելուն ուղղված գործողություն է»,–ասել է նա։

Նա նաև ընդգծել է, որ նախորդ փորձն ամբողջությամբ ձախողվել էր, իսկ այժմ իշխանությունը ձեռնարկել է ավելի կոշտ քայլեր՝ ուղղված լրատվամիջոցի գործունությունը դադարեցնելուն։

Լրագրողների դիտարկմանը, թե նույնպիսի կամ նույնիսկ ավելի կոպիտ արտահայտություններ հնչում են իշխանամերձ շրջանակների կողմից՝ ընդդիմադիրների կամ հոգևորականների հասցեին, սակայն իրավապահները անտեսում են դրանք, Արսեն Բաբայանը արձագանքել է․ «Մի դեպքում Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով է արվում, մյուս դեպքում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից է արվում։ Խտրականությունը հենց այսպես է լինում»։

Արսեն Բաբայանը պնդում է, որ իր պաշտպանյալների գործողություններում որևէ հանցակազմ չկա։

Առավոտյան դիմակավորված իրավապահները ներխուժել են Սամսոնյանի և Սաղաթելյանի բնակարաններ՝ նրանց ձերբակալելով։ Դրանից հետո խուզարկություն է իրականացվել նաև «Անտիֆեյքի» խմբագրությունում, որտեղից առգրավվել է ամբողջ տեխնիկան։