«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի շուրջ ստեղծված իրավիճակը լիովին կանխատեսելի էր՝ հաշվի առնելով երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները։
«Այն իրադարձությունները, որոնք ծավալվում են մեր երկրում, ընդգծված բնույթ ունենալով քաղաքական ընդդիմախոսների դեմ, ակնհայտ էին դարձնում տարբեր ձերբակալությունները, կալանավորումները, նաև բռնության դեպքերը, որոնք մեր առօրյայի ուղեկցող պրոցեսն են դարձել։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ փոդքաստը, որը վարում են Նարեկն ու Վազգենը, բավականին մեծ ռեզոնանս է առաջացնում։ Եվ բնականաբար իշխանության համար այսպիսի ցանկացած հարթակ խնդիր է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Աբրահամյանը, գրում է Aysor.am-ը։
Նրա կարծիքով՝ իշխանությունների հիմնական մտահոգությունն այն հարթակներն են, որոնց միջոցով ընդդիմախոսները կարողանում են իրենց կարծիքը լայն զանգվածի հասցնել։
«Մի երկրում, որտեղ հոգևորականներից սկսած մինչև միջին վիճակագրական քաղաքացին սպառնալիք են իշխանության համար, այն դեպքում, երբ մարդիկ կարող են տարբերվող մոտեցում կամ կարծիք ունենալ, բնականաբար, նաև մեդիա ներկայացող անձանց ձերբակալությունները հասարակության համար դարձել են սովորական բնույթ»,-նշել է պատգամավորը։
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ-ի ղեկավար Գոհար Մելոյանը, անդրադառնալով Antifake.am-ի խմբագրությունում իրականացված խուզարկությանը և տեխնիկայի առգրավմանը, գրել է, որ «իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը՝ սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»։
«Antifake.am-ի տեխնիկայի առգրավումը չունի որևէ քրեադատավարական իմաստ կամ նշանակություն։ Իշխանությունները, առգրավելով հարթակի ամբողջ տեխնիկան, դիտավորյալ կերպով կազմալուծում են ընդդիմադիր և պոպուլյար մեդիա հարթակի գործունեությունը։ Ակնհայտ է, որ առգրավված տեխնիկան որևէ առնչություն կամ ապացուցողական նշանակություն չունի խուլիգանության հանցակազմով քննվող գործի հետ։
Ակնհայտ է, որ այս քայլի իրական նպատակը ընդդիմադիր ԶԼՄ-ի կազմալուծումն է և հանրության շրջանում լայն դիտումներ ունեցող ընդդիմադիր հաղորդաշարերի՝ օրինակ՝ «Ղազարյան ընդդեմ Ղազարյան» կամ Antifake զրույց՝ հաղորդումների փակումը։
Այսինքն, իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը։ Սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»,–նշել է նա։
«Անտիֆեյքի» հիմնադիրներ, «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի հարցաքննությունն ավարտվել է, նրանց կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Սաղաթելյանի պաշտպան Արսեն Բաբայանը։






