AM
13 Նոյեմբեր 2025 - 10:57 AMT

Ավինյանը երրորդ անգամ պարտվել է Սաղաթելյանին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդդեմ Իշխան Սաղաթելյանի ներկայացված հայցերի հիման վրա հարուցված գործով կրկին պարտվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Սաղաթելյանի պաշտպան Վահե Գրիգորյանը՝ ընդգծելով, որ թվով երրորդ գործով անբողոքարկելի եզրափակիչ դատական ակտը ևս ուժի մեջ է մտել:

Նրա խոսքով, 2022 թվականին տեղի ունեցած «Դիմադրության» շարժման բողոքի ակցիաներն ու շտապ հավաքները հիմք են ծառայել քաղաքապետին՝ ներկայացնելու 4 տարբեր հայց, որոնցով նա պահանջել է տուգանել Սաղաթելյանին՝ որպես հավաքների կազմակերպիչ՝ ընդհանուր մինչև 1,200,000 դրամի չափով։

«4 վերաբերելի գործերով էլ Իշխան Սաղաթելյանի ներկայացուցիչը հանդիսանում եմ ես, նրա իրավունքների և ազատությունների պաշտպանությունը սույն գործերով թե´ Վարչական, թե´ Վերաքննիչ Վարչական դատարանում իրականացվում է իմ կողմից:

Նախորդիվ Վարչական դատարանը 4 գործերով էլ մեր պահանջը բավարարարել էր` Երևանի քաղաքապետի հայցերն ընդդեմ Իշխան Սաղաթելյանի` մերժել: Չհամակեպվելով` Երևանի քաղաքապետը բողոքարկել էր Վարչական դատարանի վճիռները, իսկ 2023թ Երևանի ավագանու ընտրություններից հետո բողոքները հետ չէին կանչվել: Վերաքննիչ դատարանում երեք գործերով պարտվելուց հետո Երևանի քաղաքապետը դիմել էր Վճռաբեկ դատարան, երկու գործով մերժվել, իսկ քիչ առաջ ստացա Վճռաբեկ դատարանի որոշումը, որով մերժվել է Երևանի քաղաքապետ(արան)ի` 3-րդ գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը. որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

Իմիջիայլոց, Երևանի քաղաքապետարանն առհասարակ իրավունք չուներ Վճռաբեկ բողոք բերելու. այս գործով բողոքաբեր կարող էր հանդիսանալ բացառապես Երևանի քաղաքապետը: Վերջին գործը դեռևս գտնվում է Վարչական դատարանի վարույթում»,–ասվում է գրառման մեջ։