Վարդենիս համայնքի խնամակալության ու հոգաբարձության մարմնի ներկայացուցիչներn այցելում են Ծափաթաղում հոր կողմից սպանված 3 ամյա Տիգրանի մորը: Այդ մասին հայտնել են Վարդենիս համայնքի սոցիալական աջակցության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Մնացականյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նրա խոսքով՝ Տիգրանի մորը տրամադրում են հոգեբանական աջակցություն, 3-րդ այցն են կատարել նրա տուն ու արձանագրել դրական փոփոխություն:
«Այն, որ փակված չէր, արդեն խոսում էր, դրական առաջընթաց ենք համարում: Հոգեբանը շարունակելու է նրա հետ աշխատանքները»,- ասել է Մնացականյանը։
Միաժամանակ նա նշել է, որ մասնագետները այս պահին նպատակահարմար չեն համարում Տիգրանի քրոջն ու եղբայրներին՝ ովքեր այժմ գտնվում են Հայ օգնության ֆոնդի խնամքի կենտրոնում, վերադարձնել մորը։
Մնացականյանի խոսքով՝ երեխաների վերադարձի հարցը կքննարկվի այն փուլում, երբ վստահություն կձևավորվի, որ մայրը հոգեբանորեն կայուն է և կարող է լիարժեք խնամք ապահովել։
Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ համայնքի բնակիչ Տիգրան Օվանեսովը համարվել է անհետ կորած հոկտեմբերի 27-ից։ Երեխայի դին հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ Ծափաթաղ գյուղին կից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջում։
ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ նախնական տվյալներով՝ երեքամյա Տիգրանին խեղդել է նրա հայրը։ Ավելի ուշ պարզ է դարձել, որ Արմեն Օվանեսովի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվել սպանության հոդվածով։ Նա կալանավորվել է։






