Ուկրաինայի Տերնոպոլի մարզի գյուղական տներից մեկի նկուղում եզակի հայկական հուշակոթող–աղբյուր է հայտնաբերվել, որը կառուցվել է 1611 թվականին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ուկրաինաբնակ քաղաքական մեկնաբան Մարատ Հակոբյանը։
«Հայկական ջրհոր» կոչված հուշարձանը պատահաբար է հայտնաբերվել Յագլովեցում՝ ավելի քան 4 դար այն անտեսված է եղել, քանի որ կառույցի մեծ մասը գետնափոր է։
Արտաքինից այն հիշեցնում է սովորական աղբյուր՝ քարե պատով և թուջե խողովակով, որի տակ, սակայն, բարդ հիդրոտեխնիկական կառույց կա, որն ըստ հետազոտողների, կառուցվել է 17-րդ դարի հայ վարպետների կողմից։ Աղբյուրից բխող ջուրը նախ հավաքվում է ստորգետնյա ավազանում, ապա դուրս է հորդում։
Պահպանվել է զարդաքանդակ քարե սալը իր հայերեն և լատինատառ արձանագրություններով։
«Հայ Հակոբն այն կառուցել է 1611 թվականին՝ ի բարօրություն հանրության։ Այս խաչը և աղբյուրը Հակոբի և նրա եղբայր Ստեփանի աշխատանքն են։ Քարագործ վարպետ Աբրահամը գործը կատարել է նվիրվածությամբ», գրված է քարին։
Քարե սալի վերին հատվածում պատկերված է թևերը տարածած արծիվը, որի տակ՝ ծաղկած խաչն է։
Հուշակոթողը տպավորիչ է ոչ միայն իր վաղեմությամբ, այլև կատարողական վարպետությամբ։
Հետազոտողները ենթադրում են, որ Յազլովեցի հայ արհեստավորները մասնակցել են տեղի Սուրբ Աստվածածնի Վերափոխման եկեղեցու և հին ամրոցի դարպասների քանդակազարդ հատվածների ստեղծմանը։






