AM
13 Նոյեմբեր 2025 - 11:59 AMT

Փաստաբան․ ՔԿ-ում 2 հոգևորական է հարցաքննվել

Նոյեմբերի 13–ին Քննչական կոմիտեում հարցաքննվել են Արագածոտնի թեմի հոգևորականներ տեր Եղիշե քահանա Բարսեղյանն ու տեր Մուշե քահանա Վահանյանը, նրանք հրավիրվել են որպես վկաներ ՔԿ-ում քննվող նոր քրեական վարույթի շրջանակում։ Այդ մասին հայտնել է տեր Մուշեի պաշտպան Արմինե Ֆանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Այսօր հոգևորականներին վերաբերվել են ընդգծված հարգանքով։ Հարցաքննության են կանչել խտրականության և հավաքներին մասնակցելուն պարտադրելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակում»,- նշել է Ֆանյանը։

Նա հավելել է, որ ավելի մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ նախաքննության գաղտնիությունը պահպանելու մասին համապատասխան ծանուցում է ստացել։

Իր տեղեկություններով՝ այսօր հարցաքննվել են միայն տեր Մուշեն և տեր Եղիշեն, սակայն կան ևս մի տասնյակի հասնող հոգևորականներ, որոնք ծանուցվել են, այդ թվում՝ տեր Վրթանես քահանա Բաղալյանը, տեր Զորայր քահանա Կարապետյանը և այլք։

Ինչ վերաբերում է հոգևորականների տրամադրվածությանը, պաշտպանը նշել է, որ նրանք պահպանում են մարտական տրամադրություն։

Նոյեմբերի 12-ին հայտնի դարձավ՝ ավելի քան 8 հոգևորականներ Մայր Աթոռից և Արագածոտնի թեմից կանչվել են հարցաքննության՝ կապված Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Աղան աբեղա Երնջակյանի մասնակցությամբ տարածված աղմկահարույց ձայնագրության հետ։

Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանը պարզաբանել էր, որ ՔԿ-ն նոր քրեական վարույթ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի խտրականության հոդվածով։ Քննչական մարմինը հետաքրքրվում է նաև կարգալույծ արված տեր Արամ Ասատրյանի և տեր Թադե քահանա Թահմազյանի վերաբերյալ Մայր Աթոռում առկա տեղեկատվությամբ։

Հոկտեմբերին իշխանամերձ ԶԼՄ-ները հրապարակել էին 2023 թվականին արված ձայնագրություն, որտեղ Աղան աբեղա Երնջակյանը Մայր Աթոռի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան սրբազանի հետ զրույցում դժգոհում էր, թե կաթողիկոսը հոգևորականներին ստիպում է մասնակցել հակաիշխանական բողոքի ակցիաներին։ 2023 թվականի հոկտեմբերի 17-ին այդ ձայնագրության հիմքով քրեական վարույթ է նախաձեռնվել։