AM
13 Նոյեմբեր 2025 - 13:07 AMT

ՀԾԿՀ-ն մերժել է Մեսրոպյանին բացարկ հայտնելու «Տաշիր Կապիտալի» միջնորդությունը

Նոյեմբերի 13-ին կայացած Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստում մերժվել է «Տաշիր Կապիտալ» ընկերության ներկայացրած միջնորդությունը, որով առաջարկվում էր ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին բացարկ հայտնել։

Ընկերության իրավաբանական թիմի ներկայացուցիչ Վարդան Ալոյանը նիստի ընթացքում նշել էր, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ է՝ բերելով մի շարք փաստարկներ, այդ թվում՝ նրա անդամակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը (2013-ից), ներկայիս իշխանությունների կողմից Կոտայքի մարզպետ նշանակվելը (2020), և խնամիական կապը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ, հայտնում է Արմենպրեսը։

Մեսրոպյանը միջնորդության քննարկման նպատակով հայտարարել էր ընդմիջում, որից հետո հանձնաժողովը քվեարկությամբ մերժել է բացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ներկայացված փաստերը բավարար չեն Մեսրոպյանի անաչառությունը կասկածի տակ դնելու համար։

Նիստում շարունակում է քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տրված №0092 լիցենզիայի դադարեցման հարցը, որի շուրջ դեռևս շարունակվում են իրավական և քաղաքական լարված զարգացումները։

2025 թվականի հունիսի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եկել է ՀԷՑ-ը պետականացնելու պահը։ Հուլիսին խորհրդարանը հաստատել էր համապատասխան օրենսդրական փաթեթը, որով ՀԾԿՀ-ին տրամադրվել էին լայնածավալ լիազորություններ, այդ թվում՝ կանխարգելիչ միջոցներ կիրառելու հնարավորություն դեռ վարույթ սկսելուց առաջ։

Հուլիսի 18-ին, ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ, Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել էր ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։ Վերջինիս նշանակումը և լիցենզիայի դադարեցման գործընթացը «Տաշիր Կապիտալ»-ը վիճարկել է միջազգային արբիտրաժում, մասնավորապես՝ Ստոկհոլմի դատարանում։

ՀԷՑ-ը Հայաստանում ամենախոշոր էներգաբաշխիչ ընկերությունն է, որը 2016 թվականից պատկանում է Սամվել Կարապետյանի «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խմբին։