AM
13 Նոյեմբեր 2025 - 13:13 AMT

Պետրոսյան․ Կարապետյանների համար բավական մեծ ու շնորհակալ գործ եմ արել

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լիարժեք տիրապետում է ՀԷՑ-ում առկա իրավիճակին և գործադիր լիազորությունների ընթացքում իրականացված ստուգումներով արձանագրել է լուրջ խախտումներ։

Նա նաև հայտարարել է, թե Կարապետյանների ընտանիքի համար բավական մեծ շնորհակալ գործ է արել այս երեք ամիսների ընթացքում, գրում է Sputnik Արմենիան։

«Ստանձնելով իմ լիազորությունները ՀԷՑ–ում, իրականացնելով վերահսկողական ու ստուգողական մի շարք գործողություններ ընկերությունում մի քանի շաբաթ անց ինձ համար պարզ դարձավ, որ երկար տարիներ ՀԷՑ–ում տիրող իրավիճակը, որը թաքցվել է ՀԾԿՀ–ից ու այլ պատկան մարմիններից, ստիպել է ՀԾԿՀ նախագահին վարչական վարույթ հարուցելու ընկերության նկատմամբ և կանխարգելիչ միջոցառում իրականացնել ժամանակավոր կառավարիչ նշանակելու միջոցով»,– հայտարարել է նա։

Նա հերքել է այն պնդումները, թե ինքը ուղղորդում է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին, ընդգծելով, որ ինքը վերջինիս նշանակած պաշտոնյան է, ոչ թե որոշումների վրա ազդեցություն ունեցող ուժ։

Պետրոսյանը հրաժարվել է հրապարակել իր աշխատավարձի չափը՝ նշելով, որ տվյալը հասանելի կլինի իր պաշտոնական հայտարարագրում, և հավելել է, որ իր և թիմի անդամները հրաժարվել են նախկին ղեկավարների նման միլիոնավոր դրամների պարգևավճարներից։

«Իմ աշխատավարձն իմ հայտարարագրում կտեսնեք։ Ես և իմ նշանակած թիմը կամովին հրաժարարվել ենք այն միլիոնավոր պարգևավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող և ազատված պաշտոնյաները»,– նշել է Պետրոսյանը։

Նա նաև ընդգծել է, որ իր գործունեությամբ մեծ շնորհակալություն է բերել ՀԷՑ-ի սեփականատեր Կարապետյանների ընտանիքին, քանի որ կառավարման ընթացքում ապահովվել են խոշոր ֆինանսական խնայողություններ։

«Ես եթե ոչ միլիարդավոր, ապա հարյուր միլիոնավոր դրամների խնայողություններ եմ արել գնման գործընթացների արդյունքում, ներդրումային ծրագրի իրականացման մատարարումների գործընթացների թափանցիկությունն ապահովելու արդյունքում, ինչպես նաև միջին և վերին օղակներում առկա ստվերային շրջանառության դեմ պայքարելով։ Դրանք վերջնարդյունքում դառնալու են շահույթ, որից շահութահարկը վճարելով՝ Կարապետյանների ընտանիքը դիվիդենտ է ունենալու հետագայում»,– ասել է նա։

Պետրոսյանի այս հայտարարությունը հնչել է ՀԾԿՀ-ի նիստի ընդմիջման ժամանակ, երբ քննարկվում էր հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին ուղղված «Տաշիր Կապիտալ»-ի ներկայացրած բացարկի միջնորդությունը, որը քվեարկությամբ մերժվել է։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը նաև վստահեցրել է, որ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող վարչական գործընթացը ընթանում է ամբողջությամբ օրենքի շրջանակներում, հայտնում է Արմենպրեսը։

Նա հավելել է, որ օրեր առաջ իր կողմից արված հայտարարությունը՝ ՀԷՑ-ին հնարավոր է զրկեն լիցենզիայից, չի եղել կանխակալ գնահատում, այլ հիմնվել է ստուգումների ընթացքում ձեռք բերված փաստերի վրա։

«Դա պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված բացահայտումների արդյունք էր, և ես իրավասու էի այդպիսի ենթադրություններ անել»,- նշել է նա։

Անդրադառնալով հայտարարություններին, ըստ որոնց՝ ՀԷՑ-ի նկատմամբ իրականացվող գործողությունները հակասահմանադրական կարող են համարվել, Պետրոսյանը նշել է, որ հարցն այժմ Սահմանադրական դատարանի վարույթում է, և լսումը կայանալու է դեկտեմբերի 16-ին։

«Սպասեք Սահմանադրական դատարանի վճռին։ Ես վստահ եմ, որ գործընթացն ամբողջությամբ օրենքի շրջանակներում է, քանի դեռ Սահմանադրական դատարանը հակառակը չի վճռել»,- ընդգծել է նա։

ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խմբին, իսկ Սամվել Կարապետյանը՝ դրա սեփականատերը, ձերբակալվել է 2025 թ. հունիսին, որի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին։ Հուլիսին ԱԺ-ն ընդունել էր համապատասխան օրենսդրական փաթեթը, որով ՀԾԿՀ-ին տրվել են լայն լիազորություններ՝ լիցենզիաների հարցով գործողություններ իրականացնելու համար։ Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, իսկ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։

Սամվել Կարապետյանը ընկերությունն ձեռք էր բերել 2016 թվականին՝ նախորդ կառավարության խնդրանքով, և դրանից ի վեր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ էր իրականացրել համակարգի արդիականացման ուղղությամբ։