AM
13 Նոյեմբեր 2025 - 13:22 AMT

Ավանեսյան. Ամեն տարի ընդլայնում ենք վերարտադրողական, անպտղության հաղթահարման պետական ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ամեն տարի ընդլայնում ենք վերարտադրողական, անպտղության հաղթահարման պետական ծրագրերը։

«Գառնիկ Դանիելյանի ելույթի մասով։

Մոր ու մանկան առողջության պահպանումը, ծնելիության խթանման առողջապահական բաղադրիչը մեր ռազմավարության գերակա ուղղություններից է:

Ամեն տարի ընդլայնում ենք վերարտադրողական, անպտղության հաղթահարման պետական ծրագրերը և ավելի շատ շահառուների ենք ընդգրկում դրա մեջ` պետական պատվերի շրջանակում:

Արտամարմնային բեղմնավորման հնարավորություն այժմ տրված է մինչև 40 տարեկան կանանց, նախկին 35-ի փոխարեն, նաև սերմնավորման հնարավորություն` 28-ի փոխարեն ունեն մինչև 42 տարեկան կանայք:

Սերմնավորման կաբինետներ ենք ներդնում նաև մարզերում և տեղում ունենք արձանագրված հղիություններ և արդեն ծնված բալիկ:

Ծրագրի ներդրումից ի վեր` 1379 երեխա է ծնվել:

Ընդլայնում ենք հղիների և նորածնային սքրինինգները` կանխարգելելով մահերը և հաշմանդամությունը: Այնպիսի կանխարգելիչ սքրինինգներ, որոնց բացակայության պատճառով նախկինում մահեր էին գրանցվում:

Ու ասեմ, այս ամենով չենք սահմանափակվում: Մեր ամենօրյա աշխատանքը ուղղված է մարզերում, սահմանամերձ բնակավայրերում որակյալ բուժծառայության հասանելիության ապահովմանը և բոլոր ողջախոհ առաջարկները, այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված, անպայման դիտարկում և իրացնում ենք:

Հավելեմ, որ կան վիճակագրական տվյալներ, որոնցից եզրակացություն անելու համար, պետք է սպասենք տարեկան ամփոփմանը»,-ասվում է գրառման մեջ։

Գառնիկ Դանիելյանի ելույթւ նվիրված էր ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության թեմաներին: Նրան արձագանքել էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։