AM
13 Նոյեմբեր 2025 - 13:34 AMT

ՀՅԴ-ն եվրոպացիներին հորդորել է վերանայել «աղոթքի նախաճաշին» իրենց մասնակցությունը

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը խոր մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում անցկացվելիք «աղոթքի նախաճաշի» կապակցությամբ։

Նոյեմբերի 14-ին և 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ Երևանում տեղի է ունենալու, այսպես կոչված, «Աղոթքի նախաճաշ»։

«ՀՀ գործող իշխանությունները կրոնական ավանդույթներն օգտագործում են քաղաքական նպատակներով։ Նման գործողությունները վտանգում են աղոթքի հավաքների իրական հոգևոր և հաշտեցնող իմաստը։ Նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է շեղելու ուշադրությունը կառավարության շարունակվող հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու՝ որպես հայ ժողովրդի հոգևոր սյունի նկատմամբ վարվող համակարգված ճնշման քաղաքականությունից»,- նշված է հանձնախմբի տարածած հայտարարության մեջ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը դիմել է եվրոպացի հոգևոր ու քաղաքական գործիչներին՝ հորդորելով լրջորեն վերանայել իրենց մասնակցությունը այս միջոցառմանը՝ հաշվի առնելով բարձրացված մտահոգությունները։

Հանձնախումբը ընդգծել է, որ այս նախաձեռնությանը մասնակցությունն ըստ էության չպետք է դիտարկվի որպես լուռ աջակցություն ՀՀ կառավարության դիրքորոշումներին կամ անտարբեր վերաբերմունք՝ երկրում ժողովրդավարական ստանդարտների և կրոնական ազատությունների շարունակական խախտումների հանդեպ։

Միաժամանակ հանձնախումբը հստակ առաջարկներ է ներկայացրել՝ այն եվրոպացի գործիչների համար, որոնք, այնուամենայնիվ, որոշել են մասնակցել միջոցառմանը.

  • բացահայտ վերահաստատեն իրենց նվիրվածությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և կրոնի ազատությանը,
  • հանրայնորեն դատապարտեն Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները և սպառնալիքները,
  • փորձեն հանդիպել կալանավորված և բանտարկված բարձրաստիճան հոգևորականների ու քաղաքական բանտարկյալների հետ՝ ներառյալ Սամվել Կարապետյանին՝ անձամբ տեղեկանալու նրանց պահման պայմանների և մեղադրանքների բնույթի մասին
  • այցելել Մայր աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպեն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ՝ տեղեկանալու եկեղեցու տեսակետին՝ Հայաստանում կրոնական ազատության և եկեղեցի–պետություն հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ։

Հանձնախումբը նաև շեշտադրել է, որ Եվրոպայի և Հայաստանի միջև իրական գործընկերությունը պետք է կառուցված լինի արդարության, ժողովրդավարության և խղճի ազատության վրա հիմնված արժեքների շուրջ։

Երկօրյա միջոցառման առաջին օրը՝ Ազգային պատկերասրահում, կանցկացվեն քննարկումներ տարբեր թեմաներով՝ ներառյալ բիզնեսի և բարոյականության խնդիրները, Թրամփի օրինակը, ընտանիքը, հավատքը։ Իսկ հաջորդ օրը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախատեսվում է բուն նախաճաշը՝ ժամը 10:00-ից մինչև 13:00-ը, որից հետո մասնակիցները այցելելու են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, իսկ երեկոյան՝ Երիտասարդական թատրոն։