AM
13 Նոյեմբեր 2025 - 13:54 AMT

Պապիկյան․ Սպառազինության դիվերսիֆիկացիան ՀՀ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից են

Սպառազինության աղբյուրների դիվերսիֆիկացումը և ռազմատեխնիկական կապերի զարգացումն առանցքային դեր ունեն Հայաստանի ազգային անվտանգության ճարտարապետության մեջ։ Այդ մասին հայտարարել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։

«Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք Զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցությունը նոր գործընկերների հետ»,- ասել է Պապիկյանը, գրում է Արմենպրեսը։

Նրա խոսքով, ՀՀ պաշտպանության նախարարությունը շարունակաբար խթանել է նաև տեղական ռազմարդյունաբերության զարգացումը՝ բյուջետային նշանակալի աճի շնորհիվ։

«2022 թվականին մենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ ունեցել ենք մոտավորապես 5.5 միլիարդ դրամի պայմանագրեր։ Այդ թիվն այսօր դարձել է 171 միլիարդ դրամ»,- մանրամասնել է Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը Զինված ուժերն ու սպառազինությունն օգտագործելու է բացառապես երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության նպատակով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է զորհանդես կազմակերպելուն, ըստ որի՝ եթե նոյեմբերին կամ դեկտեմբերին այն լիներ, շատ տպավորիչ կլիներ, բայց հավելել է, որ պատրաստվում ենք խաղաղության։

Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան ցուցադրել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ՀՀ քաղաքացիներին։ Նա հորդորել է 50 հոգանոց խմբեր կազմել և ընտրել պատասխանատուի, նման միջոցառմանը մասնակցելու համար։