Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովում՝ 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ պաշտպանական ոլորտի ծախսերն էականորեն աճել են՝ 2025 թվականին 2018–ի համեմատ ավելանալով 1.1 միլիարդ դոլարով։
«2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ կամ 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ դրամ կամ 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար։ Այսինքն՝ պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։
2023, 2024, 2025 և արդեն 2026 թվականի կատարված և կատարվելիք ծախսերն աննախադեպ են։ Հենց սրա շնորհիվ է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին, օրինակ, զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Զինծառայողն այսօր ատեստավորման շնորհիվ կարող է ստանալ 205-470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է»,- ասել է նախարարը, հայտնում է Արմենպրեսը։
Նրա խոսքով՝ զինծառայողների մոտ 65 տոկոսն արդեն ներգրավված է եղել ատեստավորման գործընթացում, ինչը խթանել է նրանց աշխատանքի արդյունավետությունն ու նյութական ապահովումը։
Սուրեն Պապիկյանը նաև հայտնել է, որ ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ պաշտպանության նախարարությանը նախատեսվում է հատկացնել 563.1 միլիարդ դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է զորհանդես կազմակերպելուն, ըստ որի՝ եթե նոյեմբերին կամ դեկտեմբերին այն լիներ, շատ տպավորիչ կլիներ, բայց հավելել է, որ պատրաստվում ենք խաղաղության։
Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստ է վերջին տարիներին ձեռք բերած սպառազինությունն ու տեխնիկան ցուցադրել ոչ միայն քաղաքական ուժերին, այլև ՀՀ քաղաքացիներին։ Նա հորդորել է 50 հոգանոց խմբեր կազմել և ընտրել պատասխանատուի, նման միջոցառմանը մասնակցելու համար։






