AM
13 Նոյեմբեր 2025 - 14:32 AMT

Բագրատ սրբազանի կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվել է

«Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով։ Այս որոշումը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ բավարարելով գործով դատախազ Հայկ Հովհաննիսյանի ներկայացրած միջնորդությունը։

Դատական նիստից առաջ Գալստանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշել է, որ Բագրատ սրբազանին ՔԿՀ-ում պահելն անարգանք է ՀՀ իրավապահ համակարգի և արդարադատության նկատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան։

«Մեղադրանքի հիմնված է կեղծ ապացույցների վրա։ Բոլոր կեղծ ապացույցները դրված են եղել այս գործով բոլոր մեղադրյալների նախաքննական կալանքների հիմքում, դատարանն էլ ի գիտություն է ընդունել կալանքների առկայությունը, չի անդրադարձել հիմնավոր կասկածին և անցել առաջ։ Արդյոք դատարանը հիմնավոր կասկած գնահատելո՞ւ է՝ հաշվի առնելով, որ կան կեղծ ապացույցներ, թե՞ ոչ»,– շարունակել է Խուդոյանը։

Բագրատ արքեպիսկոպոսը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Քննչական մարմնի վարկածով՝ «Սրբազան պայքար» շարժման կազմակերպիչները ծրագրել են իրականացնելու գործողություններ, որոնք կարող էին որակվել որպես ահաբեկչություն և միտված լինել իշխանության զավթմանը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Օգոստոսի 21-ին դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշմամբ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել էր 3 ամսով։