Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ունեցած ելույթում, անդրադառնալով այն մեղադրանքներին, թե գործող իշխանությունները Ղարաբաղի հարցում զիջումների է գնացել, ասել է, որ իրականությունը հակառակն է։
Նա ասել է, որ ոչ ոք այնքան չի արել Ղարաբաղի համար, ինչքան գործող կառավարությունը, հայտնում է Panorama.am-ը։
«Մարդիկ ասում են՝ ինչ ուզել են, տվել եք։ Վերջին տարիների իրադարձությունների միակ պատճառն այն է, որ ընդհակառակը, ինչ ուզել են, ոչ մի բան չենք տվել։ Ոչ մի բան չենք տվել։ Այսօր մարդիկ եկել են՝ Ղարաբաղ են լացում։ Ոչ մեկ, ոչ մեկ մեր չափ ոչինչ չի արել Ղարաբաղի համար՝ սկսած ֆինանսականից, մինչև՝ ինչը չի երևալու երբեք»,- ասել է Փաշինյանը։
Նա հայտարարել է, որ մինչ 2022 թվականը Հայաստանի բանակը գործել է որպես արտաքին ազդեցության ենթակայության մեջ գտնվող համակարգ։
«2018-ին, 19-ին, 20-ին, 21-ին էլ, մինչև 2022-ը ներառյալ մեր բանակի սոցիալ-հոգեբանությունը, մտածողությունը եղել է ազդեցության գործակալի։ Մեր բանակում չի եղել ինքնիշխան կամքի կենտրոն»,- Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ խոսում է մթնոլորտի, տրամադրության, ընկալման մասին։
Փաշինյանը հայտարարել է, որ եթե 2018 թվականին իրենց քաղաքական թիմն իշխանության չգար, այսօր ինքնիշխան Հայաստան գոյություն չէր ունենա, գրում է Արմենպրեսը։
«Ինչքան էլ անհամեստ է, ես սա պարտավոր եմ ասել, սա առաքելություն է, մենք այս առաքելությունն անում ենք: Ես 2021 թվականին ասեցի, եթե մեր ժողովուրդը որոշի, որ ինձ գնդակահարելու է, ես լուռ ու մունջ պատի տակ կանգնելու եմ, հիմա էլ եմ ասում, բայց հիմա վստահ ենք, ես վստահ եմ այն ճանապարհի մեջ, որով մենք անցել ենք: Ի՞նչ է պետությունը, մենք նոր ենք սովորում, իրենք չգիտեն, թե ինչ է պետությունը, իրենք գիտեն, թե ինչ է ֆորպոստը, բայց մենք որոշել ենք, որ պետք է դուրս գանք գրպանից, անկախ պետություն լինենք»,- ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ կառավարության 2021 թվականի ծրագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ դրույթներ կային, իրենք կարող էին գնալ այդ դրույթների հետևից, բայց կկորցնեին պետությունը:
«Քաղաքական առաջնորդությունն այդտեղ է, որ վերցնես քեզ վրա պատասխանատվություն, որը ոչ մեկը չէր վերցնի: Բանակցային փաստաթղթերը կբացահայտվեն, կտեսնեք, որ Ղարաբաղի անկախության թեման ֆեյք է: Մեզ գրպանում պահել են՝ Ղարաբաղը, որպես խայծ օգտագործելով»,- նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև դիտարկմանը, թե իբր իրենք չեն սիրում ղարաբաղցիներին կամ անվստահություն ունեն նրանց նկատմամբ:
«Այսօրվա մեր ԶՈՒ ղեկավարության կեսը ղարաբաղցի է, մեր այսօրվա զինված ուժերը ղեկավարվում է ղարաբաղցիների կողմից, բա, եթե մենք չենք վստահում, չենք սիրում, դավաճանել ենք, ոնց ենք այդ մարդկանց նշանակել: Բա այդ մարդիկ ո՞նց են մեզ հետ աշխատում, իրենք ներսից գիտեն չէ՞ ամեն ինչ, բա ո՞նց են մեզ հետ աշխատում»,- ասել է Փաշինյանը:
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։






