Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտարարել է, որ իր ղեկավարած կառավարությունը կատարել է երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու 2021 թվականին տրված խոստումը, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք մեր մեծագույն առաքելությունը՝ երկրի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մասին 2021 թվականին տրված խոստումը, իրականացրել ենք: Այս մարդիկ (խմբ. նկատի ունի խորհրդարանական ընդդիմությանը) ասում են՝ չէ, դա խաղաղություն չի, բա ո՞րն է խաղաղությունը: Հայաստանը չունի այդպիսի գիտելիք, չունի այդպիսի փորձ, թե որն է խաղաղությունը, և մենք, սա իմանալով, ասում ենք՝ որն է խաղաղությունը։ Խաղաղությունն այն է, որ 1 տարի 8 ամիս Հայաստանի սահմաններում փոխհրաձգությունից զինվոր չի զոհվել, սահմանամերձ բնակավայրերում արդեն 3 ամիս կրակոցների ձայն մարդիկ չեն լսել, Ադրբեջանի տարածքով գնացք է մտել Հայաստան վերջին 30-ից ավելի տարում, գնացք է մտել, որը բերել է ցորեն, դրա մի մասը կարող է հացի մեջ օգտագործվել, կարող են ցորենի մի մասը տալ հավերին, այդ հավի ածած ձուն, միսը մեր երեխաները չե՞ն ուտելու, կարող են տալ խոզերին, խոզի միսը ձեր առաջնորդը չի՞ ուտելու, թե ինքը խոզի միս չի ուտում»,- ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ խաղաղության հաստատման և «Իրական Հայաստան»-ի օրինակ է նաև Կիրանցը, որտեղ այժմ 55 տուն է կառուցվում:






