Գործարար Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվել։ Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեից, հայտնում է 1lurer-am-ը։
Հոկտեմբերի 16-ին Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով երկարաձգվել էր։
Արդեն չորս ամիս կալանքի տակ գտնվող գործարարի նկատմամբ առաջադրված մեղադրանքը վերանայվել և ընդլայնվել է։ Նրան այժմ մեղադրում են նաև փողերի լվացման մեջ։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որի ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանը մերժել է Սամվել Կարապետյանի պաշտպանների բողոքը, և կալանքի որոշումն անփոփոխ է մնացել, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատախազությունն էլ պահանջել էր, որ արձանագրվեր տնտեսական բնույթի մեղադրանքներով հիմնավոր կասկածը. դատարանը մերժել է նաև այս միջնորդությունը։
Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հիշեցման կարգով 1՝ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս հոկտեմբերի 16-ին պահանջել էր քննչականից, որ «կոչի» դրվագով, կամ գործն ուղարկեն Դատարան կամ կարճեն: Քննչական մարմինը բաղկացած 53 քննիչներից հերթական անգամ արձանագրել է վճռական անգործությունը և անհարգալից վերաբերմունքը դատական ակտի նկատմամբ:
Հիշեցման կարգով 2՝ Վճռաբեկ դատարանը հոկտեմբերի 24-ին վարույթ է ընդունել Դատախազության անհիմն բողոքը և ակնհայտ է, որ քաղաքական հետապնդման պայմաններում ակնկալվում է ռեկորդային արագությամբ դատական ակտ: Իմ կանխատեսումն այն էր, որ Վճռաբեկ դատարանը ընդհանրապես չի իրականացնելու արդարադատություն, քանի որ բողոքում գրված է Սամվել Կարապետյան անուն ազգանունը և բողոք բերողը Դատախազությունն է: Ի դեպ մանրամասն ուսումնասիրել եմ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կողմից վարույթ ընդունելու և որոշումներ կայացնելու տևողության պրակտիկան, դեռևս որևէ դեպք չի եղել, որ նույնիսկ մեկ ամսվա ընթացքում Վճռաբեկ դատարանի կողմից որոշում կայացվի:
Հիշեցման կարգով 3՝ Սամվել Կարապետյանը մոտ հինգ ամիս է ինչ ակնհայտ ապօրինի կալանավորված է բացառապես Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։






