Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները» խորագրով համաժողովում հայտարարել է, որ TRIPP նախագծի իրագործման առաջին քայլը լինելու է կանոնակարգման գրավոր բազայի ստեղծումը, որի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:
Նա նաև ասել է, որ քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա, հայտնում է «Ազատությունը»։
«Այդ բազայի ստեղծման առաջին փուլը Վաշինգտոնի հռչակագիրն է, որտեղ ընդհանուր շրջանակը նկարագրված է», -ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նախագծի հաջորդ փուլում նախատեսվում է ՀՀ-ի և ԱՄՆ-ի համատեղ իրավաբանական անձի ձևավորում, որը հիմնադրվելու է երկու պետությունների կողմից որպես ընկերություն՝ տնօրենի խորհրդով, որտեղ Հայաստանը և Միացյալ Նահանգները կունենան ներկայացվածություն։ Փաշինյանը հավաստիացրել է, որ ռազմավարական որոշումների առումով Հայաստանը ունենալու է վճռական ձայնի իրավունքը:
Նա նշել է, որ մասնագիտական շրջանակում քննարկման առարկա է դարձել՝ արդյոք որևէ հայկական պետական մարմին սահմանափակումներ կունենա այն տարածքների նկատմամբ, որոնցով անցնելու է TRIPP ծրագիրը՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրական կարգավորումները։ Այդ հարցին վարչապետն արձագանքել է բացասական պատասխանով՝ բացառելով նման սահմանափակումների առկայությունը:
Փաշինյանն ընդգծել է, որ հողի վրա կառուցված գույքը կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից հետո կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը, իսկ հողը միշտ է ՀՀ սեփականությունը։
«Քննարկվում է կառուցապատման իրավունքի 2 սցենար՝ 99 և 49 տարվա սցենարը։ Եթե մենք ասենք, որ 5 տարով ենք տալիս այդ հողը, ոչ մեկը ներդրում չի անի, որովհետև անիրատեսական է 5 տարում այդ ներդրումը հետ ստանալ», – ասել է վարչապետը։
Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։
«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։
Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։






