AM
14 Նոյեմբեր 2025 - 08:46 AMT

Փաշինյան․ Ալիևի հետ Կոպենհագենում քննարկել եմ TRIPP-ով էլեկտրագծերի, գազատարի անցկացման հարցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը քննարկել է TRIPP-ով էլեկտրագծերի, գազատարի հարցը։ Նա այդ մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի համագործակցությամբ Երևանում կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ։

«Չեմ թաքցնի, որ Կոպենհագենում Ադրբեջանի նախագահի հետ մենք քննարկեցինք TRIPP նախագիծը, և կարծես թե եկանք ըմբռնման, որ գուցե թե ամենաարագ իրականացվողը էլեկտրահաղորդման գծերի և գազամուղի կառուցումն է։ Բայց դա նախնական քննարկում էր և հետագա քննարկումների ընթացքում դա ավելի կկոնկրետացվի և հասկանալի կդառնա», – ասել է նա, հայտնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ վստահ է՝ նախագիծն իրականություն դարձնելու ճանապարհին որևէ խոչընդոտ չկա։

«Ոչ մի բան չի խանգարում, որովհետև բոլոր այն խնդրահարույց հարցերը հասցեագրված են Վաշինգտոնի հռչակագրում, և մեզ մնում է ընդամենը իրագործել համաձայնությունը, իսկ համաձայնությունը չիրագործելու մոտիվացիա որևէ մեկը չունի», – նշել է նա։

Վաշինգտոնում ՀՀ, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևն ու Դոնալդ Թրամփը պաշտոնապես համաձայնության են եկել «Թրամփի ուղին» գործարկելու շուրջ։

«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը։ Հայաստանը նաև բացառիկ գործընկերություն է ստեղծում ԱՄՆ-ի հետ, որպեսզի զարգացնի այս միջանցքը, ժամկետը կարող է մինչև 99 տարով երկարաձգվել, խոստացել են 99 տարուց հետո էլ երկարաձգել 99 տարով։ Ենթակառուցվածքային լուրջ զարգացումներ ենք ակնկալում, ամերիկյան ընկերություններն անհամբեր սպասում են՝ մուտք գործելու այս երկրներ և մեծ գումարներ ծախսելու, ինչը տնտեսական օգուտներ կբերի մեր երեք պետություններին»,–ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 11-ին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կողմից ամերիկյան կողմին ոչ թե հող է տրվել վարձակալությամբ 99 տարով, այլ տրամադրվել է կառուցապատման իրավունք։