AM
14 Նոյեմբեր 2025 - 09:10 AMT

ՀՀ–ում տարեկան մեկ անձի հաշվարկով սպառվում է գրեթե 8 կգ սուրճ

Հայաստանում մեկ անձի հաշվով տարեկան օգտագործվում է գրեթե 8 կիլոգրամ սուրճ, ինչը մոտ 80 անգամ գերազանցում է թեյի սպառումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ հավելելով, որ սև թեյի ընդհանուր օգտագործման մակարդակը կազմում է տարեկան ընդամենը 0.1 կգ։

Նա նշել է, որ թեյը մրսածության ժամանակ չի վերացնում վիրուսները, բայց ունի մի շարք օգտակար ազդեցություններ։

«Ցուրտ եղանակին, հատկապես մրսածության կամ դրա սկզբնական փուլում, թեյը հաճախ դիտվում է որպես առաջնային ըմպելիք։ Սակայն թեյը միայն ջերմացնող խմիչք չէ. այն նաև ունի մշակութային, հասարակական և նույնիսկ հոգևոր նշանակություն՝ տարբեր ազգերի մոտ թեյախմությունը ձևավորված է յուրահատուկ ավանդույթներով։ Թեյի պատմությունը սկիզբ է առել մոտ հինգ հազար տարի առաջ Չինաստանում։ Ըստ լեգենդի՝ կայսր Շեն Նունը նկատել է, որ եռման ջրում ընկած թեյի տերևները տալիս են բուրավետություն ու կենսուժ։ Հետագայում թեյն իր տարածումն է գտել Ճապոնիայում, ապա Հնդկաստանում ու Հարավարևելյան Ասիայում, 17-րդ դարում՝ նաև Եվրոպայում և մնացած աշխարհում։

Չինաստանում թեյը ընկալվում է որպես կյանքի փիլիսոփայություն՝ «Չայի ճանապարհ», և այնտեղ առկա են հարյուրավոր թեյերի տեսակներ, ներառյալ կանաչ, սև, սպիտակ, ուլուն, փու-երհ։ Թեյախմությունը սովորաբար տեղի է ունենում հանգիստ միջավայրում՝ շեշտադրմամբ բույրի, համի և պատրաստման ձևի վրա։

Ճապոնական մշակույթում թեյախմությունը հանդիսանում է Chanoyu կամ Սադո ծիսական արարողություն, որի յուրաքանչյուր գործողությունը խորհրդանշում է հարգանք, մաքրություն ու ներդաշնակություն։ Այստեղ օգտագործվում է փոշիացված կանաչ թեյ՝ matcha, որը վերջին տարիներին լայն տարածում է գտել նաև Հայաստանում։

Հնդկաստանում թեյը (chai) ամենօրյա ըմպելիք է, և առավել տարածված տարբերակը Masala chai-ն է՝ սև թեյ՝ կաթով, դարչինով, կոճապղպեղով, մեխակով ու շաքարով։ Այն ծառայում է նաև որպես սոցիալական շփման միջոց՝ մատուցվելով ինչպես հյուրերին, այնպես էլ փողոցային տաղավարներում։

Մեծ Բրիտանիայում թեյը համարվում է դասական ավանդույթ, որը հայտնի է «afternoon tea» անվամբ։ Սև թեյը հաճախ խմում են կաթով կամ կիտրոնով՝ թխվածքաբլիթների կամ բուտերբրոդների հետ՝ թեյախմությունն այստեղ երբեմն դիտվում է նաև որպես էթիկետի և հանգստի խորհրդանիշ։

Հայաստանում թեյը համարվում է ընտանեկան ավանդույթի մաս՝ հիմնականում օգտագործվում է սև կամ կանաչ թեյ՝ հաճախ համեմված կիտրոնով, մեղրով կամ մուրաբաներով, երբեմն էլ՝ տարբեր խոտաբույսերով, ինչպես օրինակ՝ ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ, լավանդա։ Տատիկների «բույսերի թեյերը» ընդունված են նաև որպես բնական միջոց՝ մրսածության, նյարդային լարվածության կամ մարսողական խանգարումների դեպքում։

Այնուամենայնիվ, Հայաստանում թեյը՝ հատկապես խոտաբույսերով կամ բնական հավելումներով, հիմնականում կիրառվում է մրսածության ժամանակ՝ որպես օժանդակ միջոց։ Կարևոր է հասկանալ՝ թեյը թեթևացնում է ախտանիշները, բայց բուժիչ ազդեցությունը սահմանափակ է։

Մրսածությունը, որն առաջանում է տարբեր վիրուսների հետևանքով (օրինակ՝ ռինովիրուս, կորոնավիրուս, ադենովիրուս), հիմնականում ինքնուրույն անցնող հիվանդություն է՝ տևելով 5–7 օր՝ առանց հատուկ դեղամիջոցների։ Այդ ընթացքում կարևոր է մեղմել ախտանիշները, պահպանել ջրային հավասարակշռությունը և ապահովել օրգանիզմի հանգիստը՝ բնական դիմադրողականությունը պահպանելու համար։

Թեյը մրսածության ժամանակ չի վերացնում վիրուսները, բայց ունի մի շարք օգտակար ազդեցություններ, որոնք կարող են նպաստել ապաքինմանը՝

  1. Հիդրատացիա. թեյը հեղուկ է, և օրգանիզմի հեղուկի կորուստի դեպքում (քրտինք, բարձր ջերմություն, քթահոսք) օգնում է պահպանել ջերմաստիճանն ու խոնավ լորձաթաղանթները։
  2. Բազմաթիվ խոտաբույսեր՝ ուրց, մասուր, անանուխ, եղեսպակ, սամիթ, կիտրոնախոտ, ունեն հակաբակտերիալ և հանգստացնող հատկություններ։ Կոճապղպեղով թեյը նպաստում է կոկորդի ցավի մեղմացմանը և արյան շրջանառությանը։ Մեղրով և կիտրոնով թեյը՝ մեղրը ունի որոշ հակամանրէային ազդեցություն, իսկ կիտրոնը՝ վիտամին C-ի լավ աղբյուր է։
  3. Տաք գոլորշին նպաստում է քթային շնչառության հեշտացմանը՝ հատկապես անանուխով կամ էվկալիպտով թեյերի դեպքում։
  4. Թեյի տաքությունն ու բույրը ունեն հանգստացնող ազդեցություն, որոնք նպաստում են քնի բարելավմանն ու ուժերի վերականգնմանը։

Սակայն հարկ է հիշել՝ թեյը չի փոխարինում բժշկական միջամտությանը։ Եթե առկա է բարձր ջերմություն, ուժեղ հազ կամ բակտերիալ վարակ, անհրաժեշտ է դիմել բժշկին։ Բացի այդ, չափազանց տաք թեյը կարող է գրգռել կոկորդը, իսկ մեղրով թեյը չի թույլատրվում մինչև 1 տարեկան երեխաներին, քանի որ մեղրի մեջ կարող են պարունակվել բոտուլիզմի հարուցիչներ։

Թվային տվյալների համաձայն՝ սուրճի օգտագործումը Հայաստանում միանշանակ գերակշռում է թեյի նկատմամբ՝ տարեկան մոտ 8 կգ մեկ անձի հաշվով՝ ընդդեմ 0.1 կգ թեյի։ Սա վկայում է, որ Հայաստանում սուրճը շատ ավելի սիրված և լայն տարածում ունեցող ըմպելիք է»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև, որ թեև ըմպելիքի ընտրությունը համային և անհատական նախասիրության հարց է, հատկապես ցուրտ եղանակին կարելի է սուրճի փոխարեն երբեմն ընտրել առողջարար թեյեր՝ առավելապես կանաչ և սպիտակ տեսակները, որոնք հարուստ են հակաօքսիդանտներով, նպաստում են ճարպերի այրմանը, ունեն հակաբորբոքային հատկություններ և օգտակար են սրտանոթային համակարգի համար։ Լավագույն թեյը, սակայն, կախված է յուրաքանչյուր մարդու առողջական վիճակից և նպատակներից։