AM
14 Նոյեմբեր 2025 - 09:55 AMT

ԿԸՀ․ Նախընտրական քարոզչությունը Վաղարշապատում ավարտվում է կեսգիշերին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցրել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, նրանց լիազոր և վստահված անձանց, լրատվամիջոցներին ու դիտորդներին, որ նախընտրական քարոզչությունը սահմանված կարգով ավարտվում է նոյեմբերի 14-ին, ժամը 24։00-ին։

Նոյեմբերի 15-ին և 16-ին՝ մինչ 20։00-ն, նախընտրական ցանկացած քարոզչություն արգելվում է։

Ըստ ԿԸՀ-ի, քվեարկությանը նախորդող օրը, ինչպես նաև քվեարկության օրը մինչև ժամը 20։00-ը, արգելվում է հեռուստատեսությամբ, ռադիոյով կամ տպագիր մամուլով հրապարակել թեկնածուների կամ կուսակցությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցումների արդյունքներ կամ նմանատիպ տեղեկություններ։

Միաժամանակ, ԿԸՀ-ն տեղեկացրել է, որ քարոզչական պաստառները կարող են մնալ տեղադրման վայրերում նոյեմբերի 15-ին և 16-ին, սակայն նոր պաստառների տեղադրումը կամ քարոզչության այլ ձևերը համարվում են օրենքի խախտում։

«Հարգելի՛ գործընկերներ, կոչ ենք անում պահպանել Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի դրույթները», – նշել են ԿԸՀ-ից։

Նոյեմբերի 16-ին կայանալու են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները համամասնական ընտրակարգով, որոնց մասնակցում է ութ քաղաքական ուժ։