Հայաստանի կառավարությունն իր հերթական նիստում հավանություն է տվել Հայաստանի և Վրաստանի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրի վավերացման գործընթացին։
Հարցը ներառված է եղել կառավարության նոյեմբերի 14-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում։
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ Հայաստանի և Վրաստանի միջև ռեադմիսիայի իրավական համաձայնությունը նպատակ ունի պայքարել անօրինական միգրացիայի դեմ՝ դիտվելով որպես դրա դեմ կիրառվող արդյունավետ միջազգային մեխանիզմներից մեկը։ Նման համաձայնագրի կարևորությունն առավել ընդգծվում է հաշվի առնելով, որ երկու երկրները ունեն ընդհանուր սահման։
Ռեադմիսիայի վերաբերյալ այս համաձայնագիրը նախատեսում է Հայաստանի և Վրաստանի տարածքներում ապօրինի կարգավիճակում հայտնված անձանց՝ այդ թվում սեփական քաղաքացիների, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հայտնաբերման, նույնականացման և վերադարձի կազմակերպման համատեղ ու համակարգված մոտեցումներ։
Փաստաթուղթը նաև իրավական հիմք կստեղծի ռեադմիսիայի ամբողջ գործընթացի կազմակերպման համար՝ սահմանելով կողմերի քաղաքացիությունն ապացուցող փաստաթղթերի ցանկը, երրորդ երկրների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց վերադարձի իրավացիության հիմքեր ներկայացնող փաստաթղթերը, ուղեկցման ընթացակարգը, հարցազրույցների ձևաչափը, հարցման ձևն ու ժամկետները, ինչպես նաև գործընթացի այլ տեխնիկական կողմերը։
Նախագիծը նպատակ ունի նաև նպաստել միգրացիայի ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև արդյունավետ համագործակցության ամրապնդմանը։
Համաձայնագիրը ստորագրվել է Թբիլիսիում՝ 2025 թվականի հուլիսի 21-ին։






