AM
14 Նոյեմբեր 2025 - 10:12 AMT

Ավանեսյան․ Առողջապահական ապահովագրության նախագիծը հաստատվել է և ուղարկվել ԱԺ

Հայաստանի կառավարությունը գրավոր ընթացակարգով հաստատել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման օրենսդրական փաթեթը։ Այդ մասին գործադիրի նիստում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նախագծերն արդեն ուղարկվել են Ազգային ժողով: Նաև մենք հաստատել ենք այս օրենսդրական փաթեթն անհետաձգելի ռեժիմով քննարկելու նախագիծը։ Մենք այս բարեփոխման վրա 3 տարի նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ ենք աշխատել, այն բազմիցս քննարկվել է, շրջանառվել է, և, ըստ էության, մենք ունենք կոնսենսուս, համաձայնեցված նախագիծ, որն, իհարկե, Ազգային ժողովում դեռ որոշակի փոփոխությունների կարող է ենթարկվել», – ասել է Ավանեսյանը, հայտնում է Արմենպրեսը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է, որ եղել են առաջարկներ՝ համակարգը գործարկել ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ ավելի ուշ, սակայն ինքը նման մոտեցմանը չի սատարում։

«Պարզ է, որ բոլորս ունենք որոշակի լարվածություններ, մտավախություններ՝ համակարգը ո՞նց կսկսի աշխատել, բայց մեր փորձն ի՞նչ է ցույց տալիս, որ չկա այդպիսի բարեփոխում, որ խնդրի չհանդիպի, բարեփոխումը մեկնարկում է այդ կետից: Մենք առանց այն էլ հետաձգել ենք, ի սկզբանե այս տարվա հունվարի 1-ին պետք է ընդունեինք, այս տարվա հուլիսի 1-ին պետք է ընդունեինք», – նշել է վարչապետը։

Առողջության համընդհանուր ապահովագրության ծրագիրը, եթե ընդունվի Ազգային ժողովում, ուժի մեջ կմտնի 2026 թվականի հունվարի 1-ից։ Համակարգը կկիրառվի երեք փուլով՝ ավարտվելով 2028 թվականին։

2026-ին, առաջին փուլով, ապահովագրության համակարգում ընդգրկվելու են մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած անձինք, 18-ից 65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, սոցիալական գնահատման համակարգով 28 և ավելի բալ ունեցող անապահովները, ինչպես նաև ամսական 200 հազար դրամից ավելի եկամուտ ունեցող անձինք։

Առաջին փուլից կօգտվի մոտ 1 մլն 600 հազար քաղաքացի, որոնք վերջին 183 օրերին ապրել են Հայաստանում։

Երկրորդ փուլը կգործարկվի 2027 թվականին, իսկ երրորդը՝ 2028 թվականին։ Ապահովագրության տարեկան արժեքը կազմելու է 129,600 դրամ։