Ծափաթաղի 3-ամյա բնակիչ Տիգրան Օվանեսովի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նշանակվել են համալիր փորձաքննություններ։ Այդ մասին ասել են Քննչական կոմիտեից՝ պատասխանելով հարցին, թե Տիգրանի սպանության մեջ մեղադրվող հայրը կալանավորվելուց հետո ենթարկվե՞լ է բժշկական փորձաքննության, հայտնում է Panorama.am-ը։
ՔԿ-ից հայտնել էին, որ երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել է դիակի արտաքին զննություն: Դիակի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Նախաքննության ընթացքում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ և 9-րդ կետերով (սպանությունը):
Հոկտեմբերի 27-ին՝ մոտ 18:00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը ստացել է տեղեկություն այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 2022 թվականին ծնված Տիգրան Օվանեսովը 16:30-ի սահմաններում անհետացել է։
Դեպքից մի քանի օր անց՝ նոյեմբերի 2-ին, երեխայի դին հայտնաբերվել է Ծափաթաղի հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա, դաշտի հատվածում։ Նույն օրը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել է. «նախնական տվյալներով երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին»։






