AM
14 Նոյեմբեր 2025 - 11:43 AMT

Գալստյան․ Գերիների հարցը պետք է լինի ՀՀ քաղաքական օրակարգի բարձրագույն առաջնահերթություններից մեկը

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված հայ անձանց, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շուրջ Բաքվում ընթացող կեղծ և քաղաքականացված դատավարություններին

Նա նշել է, որ գերիների հարցը պետք է լինի Հայաստանի քաղաքական օրակարգի բարձրագույն առաջնահերթություններից մեկը, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ Ադրբեջանի դատախազությունը ներկայացրել է ծանր պատժաչափերի պահանջներ մի խումբ նախկին պաշտոնյաների նկատմամբ։

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազը պահանջել է 20 տարվա ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի ու Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս հայ գերիների նկատմամբ պահանջված պատժաչափերն են․Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի,Դավիթ Ալավերդյան՝18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։