AM
14 Նոյեմբեր 2025 - 12:31 AMT

ՀԷՑ-ը հերքել է ֆինանսների տնօրենի նշանակման ընթացակարգի վերաբերյալ մեղադրանքները

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն պարզաբանել է ընկերության Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի նշանակման գործընթացը։

Նոյեմբերի 12-ի «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբան Տիգրան Հայրապետյանը հաղորդում է ներկայացրել այն մասով՝ որ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի կողմից ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Ա. Շահնազարյանը «ընթացակարգի բացահայտ անտեսմամբ» է նշանակվել:

Ընկերությունը հայտնել է, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության փաստաբանի պնդումը ամբողջովին չի համապատասխանում իրականությանը։

«Ընկերությունը տեղեկացնում է, որ «ՀԷՑ» ՓԲԸ Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի նշանակումը իրականացվել է գործող իրավակարգավորումների խիստ պահպանմամբ, մասնավորապես՝

Վերոգրյալ հաղորդմամբ մատնանշվող ՀՀ ՀԾԿՀ 25․05․2016թ․ 125-Ա որոշումը, որպես ի կատարումն այդ որոշման ընդունման պահին թիվ 0092 լիցենզիայի գործող պայմանների 4․36-րդ կետի, բացառապես Ընկերության ղեկավար աշխատողներին ներկայացվող չափորոշիչներին համաձայնեցում տալու մասին որոշում է, այլ կերպ ասած՝ Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցված չափորոշիչների հաստատում է։

Մինչդեռ, ՀՀ ՀԾԿՀ 21․12․2018թ․ 747-Ա որոշմամբ հաստատվել է թիվ 0092 լիցենզիայի պայմանների նոր խմբագրությունը, որի 28-րդ կետի համաձայն «Լիցենզավորված անձի ղեկավար աշխատողները (տնօրինությունը) պետք է համապատասխանեն Հանձնաժողովի կողմից սահմանված չափորոշիչներին»։

Ըստ այդմ, ներկայումս գործող կարգավորման տիրույթում՝ թիվ 0092 լիցենզիայի պայմաններով սահմանվում է ոչ թե Ընկերության կողմից Հանձնաժողովի հետ իր ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները համաձայնեցնելու կարգ, այլ ուղղակիորեն նախատեսվում է, որ Ընկերության ղեկավար աշխատողների կազմին ներկայացվող չափորոշիչները սահմանվում են Հանձնաժողովի կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ հարկ է փաստել, որ թիվ 0092 լիցենզիայի ներկայումս գործող պայմանների համատեքստում Հանձնաժողովի կողմից առ այսօր չի կայացվել Ընկերության ղեկավար աշխատողների չափորոշիչները սահմանելու մասին համապատասխան որոշում, իսկ 125- Ա որոշումը ամբողջությամբ չի համապատասխանում և չի բխում գործող լիցենզիայի քննարկվող դրույթի տրամաբանությունից, ուստի չի կարող քննարկման և/կամ կիրարկման առարկա դառնալ։

Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ Օրենքի համաձայն՝ քննարկվող ակտերի միջև կոլիզիան կարգավորվում է՝ ղեկավարվելով ավելի ուշ ուժի մեջ մտած նորմատիվ իրավական ակտերի նորմերով. տվյալ դեպքում ավելի ուշ ուժի մեջ է մտել վերոգրյալ թիվ 747-Ա որոշումը։

Կարևոր է արձանագրել նաև, որ Ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանի շուրջ 25 տարվա աշխատանքային գործունեությունն առնչվում է բացառապես ֆինանսական ոլորտին (ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ, ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն-տնօրինության նախագահ և այլն)»,–ասվում է հաղորդագրության մեջ։

ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խմբին, իսկ Սամվել Կարապետյանը՝ դրա սեփականատերը, ձերբակալվել է 2025 թ. հունիսին, որի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին։ Հուլիսին ԱԺ-ն ընդունել էր համապատասխան օրենսդրական փաթեթը, որով ՀԾԿՀ-ին տրվել են լայն լիազորություններ՝ լիցենզիաների հարցով գործողություններ իրականացնելու համար։ Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, իսկ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։

Սամվել Կարապետյանը ընկերությունն ձեռք էր բերել 2016 թվականին՝ նախորդ կառավարության խնդրանքով, և դրանից ի վեր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ էր իրականացրել համակարգի արդիականացման ուղղությամբ։