Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը անդրադարձել է Բաքվում Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների գործերով հրապարակված պահանջված պատժաչափերին։
Lրագրողի հարցին, թե արդյոք այս զարգացումները համահունչ են խաղաղության գործընթացին և ինչ հնարավորություններ կան գերիների վերադարձի հարցում, Հովհաննիսյանը նշել է՝ գործընթացը խիստ մտահոգիչ է, հայտնում է Արմենպրեսը։
«Մենք հայտարարել ենք, ասել ենք, որ խորը մտահոգություններ ունենք Բաքվում տեղի ունեցող դատավարության վերաբերյալ։ Եվ այո, պետք է երկրորդեմ պարոն վարչապետին այն հարցում, որ ստեղծված խաղաղության մթնոլորտը պետք է նպաստավոր պայմաններ ստեղծի, որպեսզի կարողանանք լուծել Ադրբեջանում պահվող մեր բոլոր հայրենակիցների տուն վերադարձի հարցը», – նշել է Հովհաննիսյանը։
Նա նաև ընդգծել է, որ գերիների վերադարձը մնում է իշխանության առաջնահերթ խնդիրներից մեկը, և այդ ուղղությամբ իրականացվում է շարունակական, ամենօրյա աշխատանք։
«Հույս ունենք, որ առաջիկա խաղաղության գործընթացները կհեշտացնեն զարգացումները և այնպիսի միջավայր կստեղծեն, որ մեր բոլոր հայրենակիցները վերադառնան», – հավելել է պատգամավորը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։






