AM
15 Նոյեմբեր 2025 - 06:33 AMT

Նախարար․ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ բազմաթիվ քաղաքացիներ կեղծ հաղորդագրություններ են ստացել

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Վաղարշապատում ՏԻՄ ընտրություններից առաջ բազմաթիվ քաղաքացիներ ստացել են կասկածելի ծագման հաղորդագրություններ:

«Ինչպես գիտեք, նախընտրական ժամանակաշրջանում Հայաստանում ուժգնանում են զանազան տեղեկատվական բնույթի հարձակումները։ Հերթը հասավ Վաղարշապատ համայնքին՝ պայմանավորված ՏԻՄ առաջիկա ընտրություններով։

Վերջին ժամերին բազմաթիվ քաղաքացիներ ստանում են կեղծ հաղորդագրություններ (կցում եմ պատկերները), որոնք ուղղված են նախընտրական շրջանում մթնոլորտը պղտորելուն, քաղաքացիներին մոլորեցնելուն։ Եթե նկատեցիք, ուղարկողի համարը հայաստանյան չէ, Ինդոնեզիայի կոդ է։ Մանրուք է, սակայն միշտ պետք է նման մանրուքներին ուշադրություն դարձնել, որպեսզի սադրանքը չհասնի իր արդյունքին։

Տեղեկատվական հիգիենան բոլորիս համար է կարևոր»,–գրել է նա։

Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։