AM
15 Նոյեմբեր 2025 - 06:46 AMT

ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու ՀԾԿՀ նիստը կշարունակվի նոյեմբերի 17–ին

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու վերաբերյալ մոտ ինը ժամ տևած նիստը տեղափոխվել է երկուշաբթի՝ նոյեմբերի 17–ին։ Այդ մասին հայտնել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ օրակարգում մնացել է ընկերության ներկայացուցիչների կողմից միջնորդությունների ներկայացումը և ելույթների փուլը, հայտնում է Factor.am-ը։

«Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը դիմել է հանձնաժողովի ղեկավարին՝ առաջարկելով, որպեսզի երկու միջնորդությունները ներկայացվեն նույն օրը, իսկ երկուշաբթի թողնվի միայն ելույթների փուլը։ Հանձնաժողովի ղեկավարը ընդունել է Օրբելյանի առաջարկը։

Հանձնաժողովը քննարկել է ՀԷՑ-ը լիցենզիայից զրկելու հարցը։ Քննարկման ընթացքում «Տաշիր կապիտալը» ներկայացնող կողմը պատասխանել է նախագծի հեղինակների կողմից բարձրացված հարցերին։ Նիստը մեկնարկել է նոյեմբերի 13–ին։

Հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրել է ընդարձակ զեկույց, որի համաձայն՝ ՀԷՑ-ում հայտնաբերված խախտումները եղել են համակարգային և լայնածավալ։

«Տաշիր կապիտալ» ընկերության փաստաբան Վարդան Ալոյանը նիստի ժամանակ հանդես է եկել միջնորդությամբ՝ առաջարկելով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի նկատմամբ բացարկ հայտնել՝ պնդելով, որ վերջինս չի կարող ապահովել անկողմնակալություն։ Ալոյանի փոխանցմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը 2020 թվականին նշանակվել է Կոտայքի մարզպետ գործող իշխանության կողմից, 2023-ից հանդիսացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ և ունի խնամիական կապ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ։ Հանձնաժողովի անդամները մերժել են ներկայացված բացարկը։

Նոյեմբերի 14–ին փաստաբան Արամ Օրբելյանը ներկայացրել է նոր միջնորդություն՝ այս անգամ պահանջելով բացարկ հայտնել հանձնաժողովի անդամ Սարգիս Աղինյանին, քանի որ նրա և նախագծի հեղինակներից մեկի միջև ազգակցական կապ կա։ Այս միջնորդությունն էլ Հանձնաժողովը մերժել է։

ՀԷՑ-ը պատկանում է «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խմբին, իսկ Սամվել Կարապետյանը՝ դրա սեփականատերը, ձերբակալվել է 2025 թ. հունիսին, որի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր ՀԷՑ-ը պետականացնելու անհրաժեշտության մասին։ Հուլիսին ԱԺ-ն ընդունել էր համապատասխան օրենսդրական փաթեթը, որով ՀԾԿՀ-ին տրվել են լայն լիազորություններ՝ լիցենզիաների հարցով գործողություններ իրականացնելու համար։ Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ժամանակավոր կառավարիչ, իսկ ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել։

Սամվել Կարապետյանը ընկերությունն ձեռք էր բերել 2016 թվականին՝ նախորդ կառավարության խնդրանքով, և դրանից ի վեր մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներ էր իրականացրել համակարգի արդիականացման ուղղությամբ։