AM
15 Նոյեմբեր 2025 - 07:49 AMT

Սահակյան․ Գերիներին վերադարձնելու համար պետք են քաղաքական պայմանավորվածություններ

«Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, ՄԻԵԴ–ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ Ադրբեջանում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության անդամների վերադարձը կարող է հնարավոր դառնալ միայն միջազգային աջակցությամբ ձեռք բերված քաղաքական համաձայնությունների արդյունքում։

«Համոզմունք ունեմ, որ Բաքվի դատարանների դատավճիռները չեն կարող խոչընդոտ լինել այնտեղ պահվող 23 հայերի ազատ արձակման հարցում, եթե միջազգային աջակցությամբ ձեռք բերվեն նրանց վերադարձնելու քաղաքական պայմանավորվածություններ»,- ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Անդրադառնալով Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ադրբեջանցի դատախազների պահանջած պատժաչափերին՝ Սիրանուշ Սահակյանն ասել է. «Քանի որ գործընթացները շինծու են եղել, հասկանալի էր, որ այս ֆարսի տրամաբանական ավարտը պետք է լիներ մեղադրող դատախազների կողմից խիստ պատժամիջոցներ պահանջելը»:

Ըստ նրա՝ ի տարբերություն Դավիթ Բաբայանի և Արայիկ Հարությունյանի պատժաչափի պահանջի՝ ցմահ ազատազրկում, Արցախի նախկին երկու նախագահների՝ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի համար 20 տարվա ազատազրկում պահանջելու հիմքում ոչ թե «հումանիզմն էր» կամ տարբերակված մոտեցումը, այլ Ադրբեջանի օրենսդրական նորմը։

«Ադրբեջանի օրենսդրությունը 65 տարին լրացած մեղադրյալ ամբաստանյալների համար հնարավոր չի համարում ցմահ ազատազրկման տեսքով պատժի կիրառումը: Այստեղ հնարավոր է երկարատև ազատազրկում՝ մինչև 20 տարի»,–նշել է նա։

Սահակյանը կրկին շեշտել է՝ գոյություն ունեն միջազգային մեխանիզմներ՝ ՄԻԵԴ-ը, ՄԱԿ շրջանակներում գործող մարդու իրավունքների հարցերով զբաղվող դատական ատյանները: Բաքվում պահվող 23 հայ գերիներին վերաբերող այս դատական ակտերի հետևանքները պետք է չեզոքացվեն միջազգային ատյաններում գործընթացների միջոցով։

«Սա միակ ուղին է, որի միջոցով կարող ենք հասնել արդարության միջազգային ատյաններում ու դրանով ապալեգիտիմացնել այդ ֆարս դատավարությունների արդյունքները և վերականգնել մեր հայ պատանդների խախտված իրավունքները»,–ասել է Սահակյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։

Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։