Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վստահություն է հայտնել, որ Բաքվում պահվող գերիների և պատանդառված անձանց հարցը հնարավոր էր լուծել օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ, սակայն դա տեղի չի ունեցել։
«Ես կարծում եմ, որ Բաքվում գտնվող գերիների և պատանդառված անձանց հարցը հնարավոր էր լուծել ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հանդիպման ժամանակ՝ օգոստոսի 8-ին, սակայն այն չի լուծվել։ Քանի որ չի լուծվել, հետևաբար հարցը լավ չի բարձրացվել կամ չի բարձրացվել առհասարակ, չգիտեմ»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Մարուքյանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ նախագահ Թրամփը խոսել է այդ մասին։
«Ասում էր, որ եթե ես Ալիևին ասեմ՝ նա չի մերժի, բայց դրանից հետո ասում է Ալիևին, որ գերիներին ազատեն, թե չի ասում՝ մենք դա չենք տեսնում։ Մենք չենք տեսնում որևէ հայտարարություն Հայաստանի կողմից, հետևաբար հարցը մնում է չլուծված։ Եթե հարցով զբաղվում են՝ ուրեմն անարդյունավետ է, որովհետև հարցը լուծված չէ»,–ասել է նա։
Անդրադառնալով Բաքվում ընթացող դատական գործընթացներին՝ Մարուքյանը ընդգծել է, որ Հայաստանը որևէ ձևով հրապարակային չի արձագանքել Արցախից գերված նախկին պաշտոնյաների վերաբերյալ Ադրբեջանի դատախազության ներկայացրած մեղադրանքներին։
Մարուքյանը կարծիք է հայտնել, որ Հայաստանի լռությունն այս գործընթացների նկատմամբ խիստ մտահոգիչ է։
Նա ընդգծել է, որ շատ կարևոր էր, որ Հայաստանը հանդես գար հայտարարություններով, բայց մենք տեսնում ենք, որ չկա որևէ հայտարարություն։
«Իմ տպավորությամբ՝ մենք հանդուրժում ենք Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացը։ Սա շատ վատ օրինակ է պետության կողմից՝ քաղաքացուն պաշտպանելու և արյունակիցներին պաշտպանելու համատեքստում»,–ասել է Մարուքյանը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք այս լռությունը նշանակում է իշխանությունների հաշտություն ընթացող դատավարության հետ, Մարուքյանը կարծիք է հայտնել, որ իշխանությունները, եթե անգամ ներգրավված են, արդյունավետ չեն գործում։
Նա նաև նշել է, որ դատարանի կողմից որևէ վճիռ ընդունվելուց հետո միակ հնարավոր ճանապարհը կալանավորներին վերադարձնելու՝ ներման կիրառումն է Ադրբեջանի նախագահի կողմից։
«Միջազգային փորձը ցույց է տալիս, որ դատավճիռը ոչինչ չի փոխում, եթե կա քաղաքական կամք՝ մարդուն ազատ արձակելու, և եթե կան բանակցողներ, և կա աշխատանք, ապա հարցը լուծվում է»,–ասել է Մարուքյանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեղադրող կողմը պահանջել է ցմահ ազատազրկում Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի, ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի համար։
Բացի այդ, դատախազությունը պահանջել է 20 տարվա ազատազրկում ԼՂ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի, ինչպես նաև Մադաթ Բաբայանի և Փաշայան Մելիքսեթի համար։ Մյուս գերիների մասով պահանջված պատժաչափերն են՝ Գարիկ Մարտիրոսյան՝ 19 տարի, Դավիթ Ալավերդյան՝ 18 տարի, Լևոն Բաբայան՝ 17 տարի, Վասիլի Բեգլարյան, Գուրգեն Ստեփանյան, Էդիկ Ղազարյան՝ 16 տարի։






