AM
15 Նոյեմբեր 2025 - 08:21 AMT

Միրզոյանը` Կավելաշվիլիին․ Հաստատված խաղաղության շահառուն նաև Վրաստանն է

Նոյեմբերի 14-ին Թբիլիսիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Վրաստանի միջև երկկողմ գործընկերության օրակարգի հարցեր:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Միրզոյանն ասել է, որ հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաև Վրաստանն, ընդհանուր տարածաշրջանը:

«Դրանից կշահի նաև ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածությունը»,–ասել է նա:

Միրզոյանը հավելել է, որ դրա օրգանական շարունակությունը կլինի Հարավային Կովկասում համագործակցության զարգացումն, այդ թվում՝ եռակողմ ձևաչափով: Վրաստանի նախագահն աջակցություն է հայտնել այս տեսլականին:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանին և Վրաստանին միավորում են ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ու ընդհանրությունները, երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքն, ինչպես նաև կայուն տնտեսական կապերը:

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։