Ռազմական թղթակից Դմիտրի Սելեզնյովին, որն ընտանիքի հետ եկել էր Հայաստան` հանգստանալու, թույլ չեն տվել մուտք գործել երկիր Երևանի օդանավակայանում։ Այդ մասին հայտնել է WarGonzo Telegram–ալիքը։
Ավելի ուշ նա հայտնել է, որ մասնագիտական գործունեության մասին հարցերից հետո սահմանապահ ծառայության աշխատակիցները ներողություն են խնդրել և հայտնել, որ նրա մուտքն արգելված է, հայտնում է Sputnik Արմենիան։
«Տպավորություն էր, որ սահմանապահներն ընդհանրապես կապ չունեն, այսինքն՝ ինչ-որ մեկի հրահանգներն էին կատարում և սպասում էին ինչ-որ որոշման», – ասել է նա:
Սելեզնյովը խնդրել է իրեն որևէ թուղթ տալ՝ որպես մերժման հիմնավորում, բայց ոչինչ չի ստացել։ Լրագրողին պետք է նույն ավիաընկերության չվերթով հետ ուղարկեին այսօր առավոտյան, բայց նա Սանկտ Պետերբուրգի մոտակա չվերթի տոմս է գնել ու մեկնել Հայաստանից։
«Անկեղծ ասած, ցավալի է ոչ թե այն, որ արձակուրդը փչացավ, այլ որ ես այդքան բան եմ տվել Հայաստանին և միշտ իմ գրառումներում հայամետ դիրքորոշում եմ ունեցել հակամարտության վերաբերյալ, արդյունքում` այսպիսի վերաբերմունք։ Հայաստանն ինձ համար օտար երկիր չէ։ Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, բայց, որքան հասկանում եմ, ինձ այժմ արգելված է մուտք գործել Հայաստան», – ասել է նա։
Դմիտրի Սելեզնյովը մի քանի անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ, 2020 թվականի 44–օրյա պատերազմի ժամանակ աշխատել է որպես ռազմական թղթակից և պարբերաբար Հայաստան է այցելել քաղաքական իրադարձությունները լուսաբանելու համար։






