AM
15 Նոյեմբեր 2025 - 09:22 AMT

«Անկախ դիտորդ»․ Վաղարշապատում բացի խախտումներից, արձանագրվել են նաև խախտումների մասին կեղծ ահազանգեր

«Անկախ դիտորդ»դաշինքը ներկայացրել է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտարկման արդյունքները։

Նշվում է, որ բացի խախտումներից, արձանագրվել են նաև խախտումների մասին կեղծ ահազանգեր։

«Անկախ դիտորդ» դաշինքը 4 երկարաժամկետ դիտորդների միջոցով իրականացրել է Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրությունների քարոզչության փուլի մշտադիտարկում։

Այս ընթացքում դիտորդները.

-իրականացրել են հարցազրույցներ առաջադրված կուսակցությունների (և դաշինքների) թվով 28 թեկնածուների, ինչպես նաև առաջադրված կուսակցություններից 7-ի շտաբների ղեկավարների հետ («Ժառանգություն» կուսակցությունը հրաժարվել է),

–դիտարկել են 36 հավաք ու ընտրողների հետ հանդիպում, –իրականացրել են հարցազրույցներ այդ հավաքների 38 մասնակիցների հետ,

-արձանագրել է 53 խախտում, որոնցից 45-ը եղել է քարոզչական պաստառների հետ կապված։

Մասնակից քաղաքական ուժերից ստացված տեղեկությունները ստուգելու նպատակով ուղարկվել են գրություններ, որոնք վերաբերել են՝

խոշորացված համայնքներում նոր հաստիքների համար կազմակերպված մրցույթների ընթացքին և նպատակահարմարությանը,

համայնքում հավաքների անցկացման նպատակով դահլիճների հատկացմանը,

նախընտրական շրջափուլում համայնքապետարանների ու մարզպետարանների աշխատակիցների արձակուրդային վիճակին:

Դաշինքին միացած կազմակերպությունները, արձանագրելով խախտումները, ներկայացրել են հանցագործության մասին հաղորդումներ և դիմումներ․

Դողսում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից բարեգործության արգելքը խախտելու հնարավորության վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում,

նմանատիպ ահազանգ Գեղակերտում՝ նույն կուսակցության անդամի կողմից իրականացված հնարավոր խախտման վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ տվյալ անձը նաև հանդիսացել է տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, դաշինքը դիմել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ առաջարկելով դադարեցնել նրա լիազորությունները։

Լրացուցիչ ներկայացվել են՝

-հանցագործության մասին հաղորդում՝ Էջմիածնում համայնքային տեխնիկայով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառներ տեղադրելու՝ պաշտոնեական լիազորությունների հնարավոր չարաշահման վերաբերյալ, ինչպես նաև ԿԸՀ-ին հասցեագրված դիմում՝ վարչական ռեսուրսի չարաշահման հիմքով վարույթ սկսելու պահանջով,

-ԿԸՀ-ին ուղարկված դիմում՝ ՏԸՀ անդամների կողմից քարոզչության արգելքի հնարավոր խախտման վերաբերյալ,

-հաղորդում՝ Խոյ համայնքի ղեկավարի՝ կուսակցության օգտին քարոզարշավի ընթացքում իր պաշտոնեական դիրքն օգտագործելու դեպքի վերաբերյալ,

-դիմում՝ ԿԸՀ-ին՝ սոցիալական ցանցերում թեկնածուներին և նրանց կողմնակից էջերին վերաբերող գովազդային ծախսերի հայտարարագրման վերաբերյալ,

-երեք դիմում՝ դիտորդական առաքելությունների ու առանձին դիտորդների չեզոքության սկզբունքը խախտելու հիմքով նրանց գրանցումը չեղարկելու առաջարկությամբ։

Դիտարկման ընթացքում դաշինքը հանդես է եկել հրապարակումներով՝ ներկայացնելով արձանագրված խախտումները և մտահոգությունները, որոնք փոխանցվել են նաև ԿԸՀ-ին։

Երկարաժամկետ դիտարկման ամփոփմամբ «Անկախ դիտորդն» արձանագրել է, որ քարոզչության փուլում ամենատարածված խնդիրները եղել են չսահմանված վայրերում պաստառների փակցումը և դրանց վնասումը։ Դաշինքը պնդել է, որ այդ խնդիրը պայմանավորված է ինչպես սահմանված վայրերի սակավությամբ, այնպես էլ ուժերի՝ օրենքի պահանջները կանխամտածված անտեսելով։

Ընտրատարածքային հանձնաժողովը նշել է, որ հրաժարվել է դիմել Վաղարշապատի և Խոյի համայնքապետերին չսահմանված վայրերից պաստառները հեռացնելու հարցով՝ փոխարենը տեղեկացնելով համապատասխան կուսակցություններին։ Պարզվել է, որ ՔՊ-ից բացի մնացած ուժերը չեն ստացել այդպիսի գրություն, իսկ ՔՊ-ն այն ստացել է միայն քարոզչության առաջին օրը։ Ըստ ԿԸՀ-ի՝ այս թեմայով տարածվել է ընդհանուր հրապարակում։

Մտահոգիչ է այն փաստը, որ չսահմանված վայրերում պաստառների փակցման և դրանց վնասման գործողություններում ներգրավվել են անչափահասներ, իսկ մեկ դեպքով՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամներ։ Դիտարկման արդյունքները փաստել են, որ այս խախտումները եղել են համակարգային ու համատարած։

Դաշինքի դիտորդները չեն արձանագրել պատշաճ կահավորված պաստառների համար նախատեսված վահանակների առկայություն․ վահանակները կա՛մ բացակայել են, կա՛մ չափերով անբավարար են եղել, կամ չեն տարանջատվել ձևով, ինչն էլ նպաստել է չնախատեսված վայրերում պաստառների փակցման վարքագծին։

Փոխարենը արձանագրվել է, որ Խոյ համայնքի ղեկավարը՝ շրջանցելով կարգավորումները, թույլտվություններ է տրամադրել գովազդային վահանակների տեղադրման համար, որոնք օգտագործվել են ՔՊ-ի քարոզչության նպատակով։

Դիտարկվել են նաև վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքեր՝ օրինակ Վաղարշապատի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանի կողմից հանդիպման ժամանակ բարձրացված հարցերի լուծման հանձնարարականների միջոցով։ Դրանց շրջանակում արձանագրվել են հապճեպ ասֆալտապատման և տանիքների վերանորոգման դեպքեր, որոնք, ըստ դաշինքի, կարող են դիտվել որպես ծառայությունների խոստում՝ հավասարեցվող ընտրակաշառքի։

Նշված գործողությունները, ըստ դիտորդների, չեն համարվում նախընտրական խոստումներ, քանի որ իրականացվել են ընտրություններից առաջ ու չեն եղել ինստիտուցիոնալ ծրագրերում ներառված։

Քարոզչության նպատակով դահլիճների օգտագործման հարցում պարզվել է, որ վարչարարության իրականացման ընթացքում խախտվել է օրենքի 5-րդ հոդվածը՝ ձևական պահանջների չարաշահման արգելքի մասով։ Արդյունքում Էջմիածնի դահլիճը հասանելի է եղել միայն ՔՊ-ին ու «Հանրապետություն»-ին։ «Մայր Հայաստան»-ի մերժումը դաշինքը համարել է խնդրահարույց, սակայն ողջունելի է համարել ընտրատարածքային հանձնաժողովի որոշումը՝ համայնքապետարանին պարտավորեցնելու դահլիճի տրամադրումը։

Դիտարկվել են նաև կեղծ ահազանգեր, որոնց հավաստիությունն այլ աղբյուրներից ստուգել չի հաջողվել։ Ընտրակաշառքի վերաբերյալ հաղորդագրություններ են հնչեցրել ՔՊ, «Համահայկական ճակատ» կուսակցությունները և «Հաղթանակ» դաշինքը՝ թիրախավորելով «Մայր Հայաստան», «Հայրենիք» կուսակցություններին և «Հաղթանակ» դաշինքը։ Նշվել են անգամ կոնկրետ բնակավայրեր ու Էջմիածնի թաղամասեր, սակայն այլ աղբյուրներ չեն հաստատել այդ տեղեկությունները։

Հարկ է նշել, որ նման խոսույթների առկայությունը նույնիսկ առանց հաստատման՝ բացասական ազդեցություն է թողնում ընտրական գործընթացների հանդեպ վստահության վրա։

Քաղաքական դրդապատճառներով աշխատանքից հեռացման մասին ստացվել է երկու ահազանգ, սակայն համապատասխան անձանց հետ կապ հաստատել չի հաջողվել՝ նրանց մերժման պատճառով («Մայր Հայաստան» կուսակցություն և «Հաղթանակ» դաշինք)։ Մամուլում շրջանառվող մեկ տեղեկություն՝ Հայթաղի դպրոցի փոխտնօրենի մասին, պարզվել է, որ իրականությանը չի համապատասխանել։

Չնայած «Մայր Հայաստանի» պնդմանը, թե ԱԱԾ-ն շինծու քրեական հետապնդում է նախաձեռնել իրենց ցուցակի առաջին երկու թեկնածուների նկատմամբ՝ դաշինքը նման տեղեկատվություն չի հայտնաբերել։ Ոչ էլ հաջողվել է ապացույց գտնել «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի քարոզչության խոչընդոտման մասին՝ Ոսկեհատում։

Մյուս կողմից արձանագրվել են բազմաթիվ վեճեր թեկնածուների, աջակիցների և քաղաքացիների միջև, որոնց նկատմամբ իրավապահ մարմինների արձագանքն անհամաչափ է եղել։ Դաշինքը մտահոգիչ է համարել նաև Ոսկեհատում ձերբակալված անձանց վերաբերյալ որոշումը՝ առանց հանրային բացատրությունների։

Արձանագրվել են նաև քարոզչության և հակաքարոզչության դեպքեր այն սուբյեկտների կողմից, ովքեր դրա իրավունքը չունեն՝ այդ թվում դիտորդական առաքելություն իրականացնողներ, կրոնական կազմակերպություններ և ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձինք՝ հիմնականում սոցիալական ցանցերի միջոցով։

Քարոզարշավի ընթացքում բացահայտված խնդիրներից մեկն էլ քաղաքական ֆինանսավորման թափանցիկության ապահովման բացակայությունն է։ Սոցիալական ցանցերում տարածված բազմաթիվ վճարովի գովազդներում չի նշվում՝ ով է վճարել, ինչն անհնար է դարձնում այդ ծախսերի նախընտրական հիմնադրամում ընդգրկման ստուգումը։

Դաշինքը շեշտել է, որ ԿԸՀ-ի համար առաջնահերթ խնդիր պետք է լինի ինտերնետային քաղաքական գովազդի վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ներդրումը, իսկ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և ԿԸՀ վերահսկիչ մարմնի կողմից՝ քաղաքական ֆինանսավորման պատշաճ հսկողությունը։

Նշվել է նաև, որ որոշ դիտորդական առաքելություններ կողմնակալություն են ցուցաբերել իրենց հայտարարություններում։ «Անկախ դիտորդը» հատկապես անհանգստացնող է համարել «ՀայաՔվե» առաքելության, «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի և «Իրավունքի և արդարության կենտրոն Թաթոյան» հիմնադրամի որոշ հայտարարությունները։

Ըստ դաշինքի՝ դիտորդական գործունեության և քաղաքականության համադրումը անընդունելի է, քանի որ խաթարում է դիտորդական առաքելությունների անաչառության հանդեպ հանրային ընկալումը։

Նոյեմբերի 16-ին «Անկախ դիտորդը» նախատեսում է նաև իրականացնել քվեարկության օրվա դիտարկում։