AM
15 Նոյեմբեր 2025 - 09:39 AMT

Աշխարհում 10 նորածնից 1-ը ծնվում է անհաս․ ՀՀ–ում էլ 500–600 գ քաշով ծնունդներ են լինում

ԱՀԿ-ի որոշմամբ՝ անհաս նորածինների միջազգային օրը, որը սովորաբար նշվել է նոյեմբերի 17-ին, այսուհետ կնշվի նոյեմբերի 15-ին։ Այս փոփոխության նպատակը մյուս համաշխարհային օրերի հետ համընկնումից խուսափելն է։ Տարեցտարի նշվող այս օրը նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածությունը մինչև 37 շաբաթական ժամկետում ծնված երեխաների առողջական և սոցիալական խնդիրների վերաբերյալ, աջակցել նրանց ընտանիքներին և խթանել առողջապահական համակարգերին՝ բարելավել անհաս նորածինների բուժումն ու խնամքը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ աշխարհում յուրաքանչյուր 10-րդ երեխան ծնվում է անհաս։ Սա երեխաների մահացության առաջատար պատճառն է, իսկ դեպքերի շուրջ 80%-ը տեղի է ունենում ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում։

Հայաստանում ևս գրանցվել են դեպքեր, երբ երեխաները ծնվել են ընդամենը 500–600 գրամ քաշով։ Բարձր որակավորում ունեցող մասնագետների, արդիական բուժօգնության և տեխնոլոգիաների շնորհիվ նրանցից մի քանիսը կարողացել են հաղթահարել կենսաբանական դժվարությունները և հասնել նորմալ զարգացման, հայտնում է ԵՊԲՀ-ին կից գործող առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը։

Վերջին ամփոփ տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանում գրանցվել է 35.667 կենդանի ծնունդ։ Նրանցից 153 նորածին ունեցել է ≤ 1 000 գ քաշ, 252-ը՝ 1 000–1 499 գ, 596-ը՝ 1 500–1 999 գ, իսկ 1 587-ը՝ 2 000–2 499 գ քաշ։ Այս ցուցանիշները վկայում են, որ ավելի քան 10%-ը ծնվել է 2500 գ-ից պակաս քաշով, ինչը համարվում է «ցածր ծննդյան քաշ»։

2023 թվականին նորածինների մահացության մակարդակը կազմել է մոտ 9‰՝ այսինքն՝ 1000 կենդանի ծնվածներից 9-ի կյանքը չի հաջողվել փրկել։ Համեմատության համար՝ ամենաբարձր ցուցանիշը (26‰) գրանցվել է Ենթասահարային Աֆրիկայում, իսկ ամենացածրը՝ զարգացած երկրներում՝ 2-4‰։

Օրվա խորհրդանիշը մանուշակագույն գույնն է, որը խորհրդանշում է նորածնի կյանքի փխրունությունն ու հույսը։ Շատ երկրներում կազմակերպվում են իրազեկման միջոցառումներ, որոնց շրջանակում շենքերը լուսավորվում են մանուշակագույնով՝ ի նշան անհաս երեխաների ու նրանց ընտանիքների աջակցության։

Մինչև 2020 թվականին Սինգապուրում ծնված և վերապրած 212գ քաշով Քվեկ Յու Քուանի ծնունդը, ամենացածր քաշով նորածինը փոքրիկ Սեյբի անունով աղջնակն էր, ծնաված`ԱՄՆ-ում, Սան Դիեգոյում 2018 թ. դեկտեմբերին, ընդամենը 23 շաբաթական հղիության ժամկետում և նրա քաշը ծնվելու պահին եղել է 245 գրամ (մոտավորապես մեկ փոքրիկ խնձորի չափ), ծնվելուց հետո նա երկար ժամանակ անցկացրել է նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքում, սակայն հետագայում դուրս է գրվել առողջ վիճակում։

Անհաս են համարվում այն նորածինները, որոնք ծնվում են մինչև 37 շաբաթական հղիության ժամկետում։ Նրանց օրգանները դեռ լիարժեք չեն զարգացած՝ թոքեր, ուղեղ, մարսողական համակարգ և այլն, ինչը կարող է առաջացնել մի շարք խնդիրներ՝

  • Շնչառական դժվարություններ (RDS)՝ թոքերի թերզարգացման պատճառով, հաճախ պահանջվում է արհեստական շնչառություն,
  • Ջերմության արագ կորուստ՝ մաշկի բարակության և ջերմակարգավորման անբավարարության հետևանքով,
  • Սնուցման դժվարություններ՝ երբեմն պահանջվում է սնուցում երակային ճանապարհով,
  • Բարձր վարակելիություն՝ թերզարգացած իմունային համակարգի պատճառով,
  • Գլյուկոզայի և կալցիումի անհավասարակշռություն, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ուղեղի վրա։

Երկարաժամկետ ազդեցությունների շարքում, չնայած շատ անհաս երեխաներ հետագայում դառնում են լիարժեք առողջ անձինք, որոշ դեպքերում կարող են նկատվել հետևյալ խնդիրները՝

  1. Զարգացման ու ուսումնառության դժվարություններ՝ խոսքի և շարժողական զարգացման հապաղում, ուշադրության կենտրոնացման խնդիրներ, սակայն ժամանակին ցուցաբերված միջամտությունների դեպքում այս խնդիրները հաճախ մեղմանում են։
  2. Տեսողության և լսողության խանգարումներ՝ ռետինոպաթիայի, լսողության թուլացման տեսքով։
  3. Շնչառական համակարգի խանգարումներ՝ կրկնվող բրոնխիտներ, ասթմատիկ վիճակներ։
  4. Նյարդաբանական և շարժողական խնդիրներ՝ ծանր դեպքերում հնարավոր է ցերեբրալ կաթված (CP), թեթև դեպքերում՝ շարժման կոորդինացիայի խանգարումներ։
  5. Մետաբոլիկ և սրտանոթային ռիսկեր՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ անհաս ծնված մեծահասակների շրջանում հաճախ հանդիպում են՝
  • արյան ճնշման բարձրացում,
  • շաքարային դիաբետ,
  • ավելորդ կամ թերեաշ քաշ,
  • սրտանոթային համակարգի հիվանդություններ։

Այսօր զարգացած երկրներում նորածնային ինտենսիվ խնամքի բաժանմունքները (ՆԻԽԲ) կարողանում են ապահովել անհաս նորածինների ավելի քան 90%-ի գոյատևումը։ Ֆիզիկական, խոսքային և ճանաչողական զարգացման վրա ուղղված վաղ միջամտությունները, ինչպիսիք են վերականգնողական ծրագրերը, օգնում են երեխային հասնել իր հասակակիցներին և ունենալ լիարժեք կյանք։