Կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը հանդիպել է իշխանության կազմակերպած «Աղոթքի նախաճաշ» միջազգային միջոցառման 2 մասնակցի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Միացյալ Նահանգների Կրոնական ազատությունների հանձնաժողովի (USCIRF) փոխնախագահ Ասիֆ Մահմուդի և «Քրիստոնեական համերաշխություն» (CSI) միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Ջոն Էիբների հետ շրջեցինք Երևանում, իսկ այնուհետև հանդիպում ունեցանք մեր գրասենյակում, որտեղ նրանց ներկայացվեցին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց կապը ժողովրդավարության հետ, մասնավորապես` այդ կապի բացակայությունը»,– գրել է Կարապետյանը։
Նոյեմբերի 14-15-ը Երևանում Ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով կազմակերպած «Աղոթքի նախաճաշ» խորագրով միջոցառման մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ են արել ազատ արձակել ՀԱԵ ձերբակալված հոգևորականներին, հայտնում է Sputnik Արմենիան։
Մասնավորապես նման կոչով հանդես են եկել ամերիկահայ եպիսկոպոս Դանիել Ֆինդիկյանը, ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը, «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ Ջոել Վելկամպը։
Վելկամպը դեռ նախօրեին տեսաուղերձ էր ձայնագրել Հանրապետության հրապարակից՝ կոչ անելով իրենց հնարավորություն տալ տեսակցել ձերբակալված հայ հոգևորականներին: Վելկամպը հայտարարել էր, որ ինքն ու մյուս մասնակիցները Հայաստան են ժամանել երկրում առաջին ազգային աղոթքի նախաճաշին, բայց կրոնական ազատության հետ կապված իրավիճակը «այնքան էլ ուրախալի չէ»:
Նոյեմբերի 14–ին կալանքի տակ գտնվող հայ եպիսկոպոսներին աջակցության խոսք էր ասել նաև ԱՄՆ կրոնական ազատության հանձնաժողովի փոխնախագահ Ասիֆ Մահմուդը։
«Ես շատ մտահոգված եմ Հայաստանում հոգևորականների ձերբակալությունների մասին հաղորդագրություններով։ Իշխանություններին կոչ եմ անում պահպանել պատշաճ իրավական ընթացակարգը և ազատ արձակել նրանց»,-նշել է նա։
Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը մտահոգություն էր հայտնել Երևանում «աղոթքի նախաճաշի» անցկացման կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստանի իշխանությունների նախաձեռնության նպատակն է շեղել ուշադրությունը կառավարության շարունակական հակաժողովրդավարական գործողություններից և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ համակարգված ճնշումներից:
Միջոցառմանը հրավիրված հոգևոր և քաղաքական գործիչներին ՀՅԴ-ն կոչ էր անում վերագնահատել իրենց մասնակցությունը՝ հաշվի առնելով վերոնշյալ խնդիրները: Բայց եթե նրանք այնուամենայնից կորոշեն մասնակցել, կոմիտեն խորհուրդ է տալիս վերահաստատել իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և դավանանքի ազատությանը, հրապարակայնորեն դատապարտել Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևորականների հետապնդումները, փորձել հանդիպել կալանավորված հոգևոր և քաղաքական գործիչների, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի հետ, այցելել Մայր Աթոռ Ս. Էջմիածին և հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ:






