Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստանում առաջաին անգամ անցկացված «Աղոթքի նախաճաշին», որի ընթացքում հանդես է եկել ելույթով՝ կարևորելով միջոցառման հոգևոր իմաստն ու դերն ազգային ինքնության մեջ։
Վարչապետը ողջունել է ներկաներին և նշել, որ 2025 թվականը շատ կարևոր տարի է Հայաստանի համար, որովհետև իր 34-ամյա անկախության մեջ առաջին անգամ կարող ենք ասել, որ խաղաղություն է հաստատված։ Նա ասել է, որ խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված։
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այն ինչ վերաբերում է անհատին, նույնը վերաբերում է նաև պետությանը և շատ էական է արձանագրել, տեսնել, կառուցել պետության կապն Աստծո հետ: Վարչապետն ընդգծել է աստվածաշնչային սկզբունքները քաղաքական գործունեության, պետական կառավարման մեջ ներդնելու կարևորությունը։
«Մենք հաճախ խոսում և անընդհատ քննարկում, մտածում ենք՝ ի՞նչ լրացուցիչ մեխանիզմներ ներդնենք բարեվարքություն ապահովելու համար, որովհետև բարեվարքությունը, թերևս, բոլոր երկրներում ամենակարևոր խնդիրներից է: Եվ, իհարկե, բարեվարքությունը բարեփոխումների թեմա է, բարեվարքությունը կարգավորումների, փոխզսպումների և հակակշիռների թեմա է, բայց հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո ներկայության, հնարավոր չէ բարեվարքություն առանց Աստծո խոսքի»,–ասել է նա։
Երկրի ղեկավարը նշել է, որ «Աղոթքի նախաճաշ» միջոցառումն Աստծու և մարդու կամ մարդու և Աստծու հարաբերությունների մասին է և շատ կարևոր է, որ Աստծու և մարդու հարաբերություններն արտահայտություն գտնեն նաև Աստծո և պետության հարաբերություններում:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների աղոթքի նախաճաշին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության գործընթացը երկու աղոթքի նախաճաշերի միջև տեղի ունեցած իրադարձություն է: Ըստ վարչապետի՝ սա թերևս ինչ-որ հոգևոր նշանակություն և իմաստ ունի:
Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման մասնակիցներին՝ ներկա գտնվելու և Աստծո լեզվով խոսելու համար:
«Երեկվա և այսօրվա անցկացրած ժամերն այս ձևաչափում շատ մեծ հոգևոր լիցք և էներգիա են տալիս փորձելու շարունակել այն ճանապարհը կամ վերստուգելուց, համոզվելուց հետո փորձելու հավատարիմ լինել այդ ճանապարհին, և համոզված լինել, որ բոլորս՝ ես, մեր Կառավարությունը, մեր պետությունը, կառավարող թիմը, ընդհանրապես մեր երկրի բոլոր քաղաքացիները քայլում ենք այն ճանապարհով, որով մեզ առաջնորդում է Աստված: Եվ կարծում եմ՝ հենց խաղաղության ճանապարհն այն ճանապարհն է, որով մեզ առաջնորդում է Աստված»,- ասել է վարչապետը՝ իր խոսքն ամփոփելով 31-րդ Սաղմոսով:






