AM
15 Նոյեմբեր 2025 - 12:16 AMT

Վարդևանյան. Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ

Կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանական խմբի ղեկավար՝ փաստաբան Արամ Վարդևանյանն ասել է, որ «ՔԿ-ն մոտ 5 ամիս ապօրինի կալանքի տակ գտնվող Կարապետյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել»։ Փաստաբանը անդրադարձել է նաև ՀՀ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի որոշումներին։

Նա նշել է, որ տնտեսական բնույթի մեղադրանքներն այդպես էլ հիմնավոր կասկածի շեմը և Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ, հայտնում է Panorama.am-ը։

«2025–ի նոյեմբերի 13-ին վերաքննիչ հակակառուպցիոն դատարանը մերժել է դատախազության կողմից ներկայացված բողոքը, որի մերժումը իրենից ներկայացնում է մի իրավիճակ, որ փաստացի պահպանվում են միայն աբսուրդային կոչի դրվագը՝ «Մեր ձևով կմասնակցենք Մայր Աթոռի պաշտպանությանը», իսկ տնտեսական բնույթի մեղադրանքներն այդպես էլ հիմնավոր կասկածի շեմը չէին հաղթահարել և սա նշանակում էր, որ Սամվել Կարապետյանն այլևս պետք է լիներ ազատության մեջ։ Նոյեմբերի 18-ին կալանքի ժամկետը լրանում էր, քանի որ կոչի դրվագով ինքնին նախաքննության ժամկետը 5 ամիս է»,- հայտնել է փաստաբանը։

Մինչդեռ քննիչներին, փաստաբանի խոսքով, օգնության է հասել ՀՀ վճռաբեկ դատարանը, որը նույն օրը՝ նոյեմբերի 13–ին, որոշում է կայացրել՝ արձանագրելով, թե իբր տնտեսական բնույթի մեղադրանքների հիմքեր կան։ ՔԿ–ն այդ հիմքով անմիջապես միջնորդություն է ներկայացրել կալանքը երկարացնելու մասին, գրում է Sputnik Արմենիան։

Նա հիշեցրել է, որ ՔԿ քննիչների խումը 53 հոգուց է բաղկացած և գործում է հուլիս ամսից, մինչդեռ դատարանից խնդրում է իրենց հնարավորություն տան նախաքննություն անցկացվի, իսկ Սամվել Կարապետյանը մնա կալանքի տակ։

«Միայն սա արդեն բավարար է, որ մենք ասենք, որ իրավաբանությունից դուրս ենք գործում»,- ասել է Վարդևանյանը։

Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։

Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական խմբի միջնորդությունը՝ 1 ամսով երկարաձգելով Սամվել Կարապետյանի կալանքը` փաստացի արձանագրելով, որ դեռևս հուլիսին նրան մեղսագրված տնտեսական բնույթի արարքներում բացակայում է հիմնավոր կասկածը: Դատարանը հաստատված համարեց միջնորդության այն մասը, որը վերաբերում է հայտնի հարցազրույցը որպես իշխանությունը բռնությամբ զավթելու կոչ որակելուն: