Հայաստանի արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել կառավարության որոշման նախագիծ, որով առաջարկվում է օպտիմալացման նպատակով դադարեցնել Հայաստանի ազգային արխիվի մի շարք տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը։
Նախագծում, որպես հիմնավորում, նշվում է, որ նվազել են արխիվ համալրվող գործերը, արխիվ անձամբ դիմող քաղաքացիների թիվը, իսկ տարածքային ստորաբաժանումների մեծ մասի շենքային պայմանները անբարենպաստ են, հայտնում է Արմենպրեսը։
Առաջացած խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է միավորել մի քանի ստորաբաժանումներ՝ փաստաթղթերի տեղափոխմամբ, հետևյալ կերպ․
- Ապարանի և Թալինի ներկայացուցչությունները միացվեն Արագածոտնի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Աշտարակ։ Նշվում է, որ Ապարանում համալրում գրեթե չի լինում, իսկ Թալինում գործընթացը հիմնականում ավարտվել է։
- Մասիսի ստորաբաժանումը կներառվի Արարատի մասնաճյուղի կազմում՝ փաստաթղթերը տեղափոխելով Արտաշատ։ Մասիսում համալրումներ չեն սպասվում, շենքային պայմաններն էլ բավարար չեն։
- Սևանի ներկայացուցչությունը կմտնի Կոտայքի մասնաճյուղի կազմ՝ փաստաթղթերը տեղափոխելով Հրազդան։ Սևանում տարածքը փոքր է, իսկ Հրազդանում կան բարենպաստ պայմաններ։
- Ճամբարակի ստորաբաժանումը կմիացվի Վարդենիսին։ Ճամբարակում աշխատում է միայն մեկ մարդ, ինչը բարդացնում է բնականոն աշխատանքը։
- Ստեփանավանի և Դիլիջանի ներկայացուցչությունները կմիավորվեն Լոռու և Տավուշի միասնական մասնաճյուղում՝ փաստաթղթերը տեղափոխելով Վանաձոր։ Երկու վայրերում լրացումներ գրեթե չեն լինում, իսկ պայմաններն անբավարար են։
- Եղվարդի ներկայացուցչությունը կներառվի Չարենցավանի բաժնի կազմում՝ փաստաթղթերի տեղափոխմամբ։ Չարենցավանում պայմանները ավելի բարենպաստ են, ծանրաբեռնվածությունն էլ համարժեք է։
- Արթիկի ստորաբաժանումը կանցնի Մարալիկի ներկայացուցչության կազմում։ Մարալիկում պայմանները ավելի հարմար են փաստաթղթերի պահպանման համար։
- Սիսիանի ներկայացուցչությունը կմիացվի Վայոց ձորի մասնաճյուղին՝ փաստաթղթերը տեղափոխելով Եղեգնաձոր։ Սիսիանում համալրում չի լինում, աշխատում է մեկ հաստիք, իսկ Եղեգնաձորն ապահովված է անհրաժեշտ պայմաններով։
- Գորիսի ստորաբաժանումը կներառվի Սյունիքի մասնաճյուղում՝ փաստաթղթերը տեղափոխելով Կապան։ Գորիսում շենքային պայմաններն անբավարար են, իսկ Կապանը ունի թերծանրաբեռնված տարածք։
Օպտիմալացման արդյունքում նախատեսվում է բոլոր գործող ստորաբաժանումները վերակազմակերպել որպես մասնաճյուղեր՝ անվանելով ըստ գտնվելու համայնքի։
Նախագծի ընդունման դեպքում կփակվեն այն ստորաբաժանումները, որոնց աշխատանքը չի համապատասխանում միջինացված գնահատման չափանիշներին։
Արդյունքում կխնայվի տարեկան մոտ 25 միլիոն դրամ (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր), որոնք կուղղվեն աշխատավարձերի բարձրացմանն ու տեխնիկական հագեցման ապահովմանը։






