AM
17 Նոյեմբեր 2025 - 06:26 AMT

Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել Վաղարշապատում

Վաղարշապատ համայնքում ամփոփվել են Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները՝ բոլոր 47 տեղամասերից, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ըստ ներկայացված տվյալների՝ Արմավիրի մարզի այս համայնքում ընտրողների ցուցակներում ընդգրկված քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 69, 866, քվեարկությանը մասնակցել է 31,535 մարդ:

Նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել Վաղարշապատում: կուսակցության ցուցակը գլխավորել է Արգիշտի Մեխակյանը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 132, իսկ արձանագրված անճշտությունների միավորի ընդհանուր չափը՝ 23:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

1․ «Հաղթանակ» կուսակցությունների դաշինք – 10,051

2․ «Համահայկական ճակատ» կուսակցություն – 295

3․ «Հանրապետություն» կուսակցություն – 1 241

4․ «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցություն – 1 692

5․ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 1 177

6․ «Ժառանգություն» կուսակցություն – 440

7․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն – 15,298

8․ «Հայրենիք» կուսակցություն – 1 193

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «դա կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։

«Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի ընտրողներ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ եւ շնորհավորում եմ բոլորիդ նախեւառաջ՝ ժողովրդավարական ընտրությունների առիթով։

Ձեր ընտրությամբ մի քանի կարեւոր արձանագրում արեցիք․

1․ Դուք համայնքի ղեկավար ընտրեցիք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։

2․ Աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռազմավարությանը։

3․ Ձեր ընտրությամբ կարեւոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին։

4․ Գնահատեցիք նախորդող շրջանում «Քաղաքացիական պայմանագրի» կատարած աշխատանքը Ձեր համայնքում եւ ներողամիտ գտնվեցիք թույլ տրված սխալների համար։ Ուզում եմ այդ սխալների համար ներողություն խնդրել բոլորիցդ։

Շնորհավորում եմ Արգիշտի Մեխակյանին Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով եւ վաղարշապատցիներին եմ շնորհավորում համեստ, բայց որպես կառավարիչ իր աշխատանքի արդյունավետությունը ապացուցած Մեխակյանին ընտրելու առիթով։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իմ բոլոր գործընկերներին եմ շնորհավորում, ՀՀ բոլոր քաղաքացիներին եմ շնորհավորում 2026 թվականի համապետական ընտրությունների այս հնչուն նախերգանքի համար։

Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հաղթելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում»,–գրել է վարչապետը։

Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել ընտրողներին վստահության և աջակցության համար

«Շնորհակալ եմ ձեր վստահության և աջակցության համար․ ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել և ձեր սպասելիքները իրականություն դարձնել, շարունակել հետևողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին՝ ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով»,–նշել է նա։

Ըստ նախնական արդյունքների՝ ՔՊ-ն հնարավորություն է ստացել առանց կոալիցիոն պայմանավորվածությունների՝ միայնակ համայնքապետ ընտրել։